Լիբիայում կործանարար ջրհեղեղների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 11 հազար 300-ի։ Associated Press գործակալությունը, վկայակոչելով լիբիական Կարմիր մահիկին, հայտնել է, որ ավելի քան 10 հազար մարդ անհետ կորած է համարվում։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Լիբիային պատուհասած փոթորկի պատճառով ծովափնյա Դերնա քաղաքի մերձակայքում կառուցված երկու ամբարտակները փլուզվել էին։ Ջուրը քշել տարել է քաղաքի ամբողջ թաղամասեր։
Դերնայի քաղաքապետի գնահատմամբ՝ զոհերի թիվը կարող է հասնել մինչեւ 20 հազարի։ Լիբիայի վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան եռօրյա ազգային սուգ է հայտարարել երկրում։
ՄԱԿ-ի համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը հայտնել է, որ հազարավոր մահերից կարելի էր խուսափել, եթե Լիբիայում լինեին ահազանգման գործող համակարգեր, եւ մարդիկ ժամանակին տարհանվեին։ ՄԱԿ-ը զգուշացրել է նաեւ, որ տուժած շրջանների բնակչության համար հաջորդ սպառնալիքը աղտոտված ջրի պատճառով առաջացող հիվանդություններն են։