Հայաստանի պետական պարտքը, ըստ «Հետք»-ի, 2023-ի հուլիսի վերջի դրությամբ եղել է մոտ 11 միլիարդ 352 միլիոն դոլար։ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով՝ տարեսկզբի համեմատ այն աճել է 714 միլիոն դոլարով կամ 6.7%-ով։ Ընդ որում՝ ՀՀ ներքին պետական պարտքն ավելի արագ է աճում, քան արտաքին պարտքը։ Հայաստանի արտաքին պետական պարտքը հուլիսի վերջի դրությամբ եղել է 6 միլիարդ 663 միլիոն դոլար, որն այս տարվա յոթ ամսվա ընթացքում աճել է 218 միլիոն դոլարով կամ 3.4%-ով։
Վրաստան
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ մեկ տարում Վրաստանի պետական արտաքին պարտքն աճել է 876 միլիոն 765 հազար դոլարով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 27 միլիոն 426 հազար դոլարով։ Վրաստանի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներով՝ 2023 թվականի օգոստոսի դրությամբ Վրաստանի պետական արտաքին պարտքը գերազանցել է 8,568 միլիարդ դոլարը, ընթացիկ փոխարժեքով՝ 22,528 միլիարդ լարի։ 2022 թվականի օգոստոսի դրությամբ պարտքի չափը 7,691 միլիարդ դոլար էր կամ 22,340 միլիարդ լարի։ Ինչ վերաբերում է 2023 թվականի հուլիսի տվյալներին, ապա պետական արտաքին պարտքը եղել է 8,595 միլիարդ դոլար կամ 22,721 միլիարդ լարի։
Ադրբեջան
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի պետական պարտքը 2023-ի հուլիսի 1-ի դրությամբ եղել է 16151 միլիոն մանաթ կամ 2023-ին կանխատեսված համախառն ներքին արդյունքի 14,5%-ը։ Ընդ որում՝ 11,180,7 միլիոն մանաթը կամ 6,576,9 միլիոն ԱՄՆ դոլարը արտաքին պարտքն է, իսկ 4,970,3 միլիոն մանաթը՝ ներքին պետական պարտքը։ Սա, ըստ Ադրբեջանի ֆինանսների նախարարության՝ ակնկալվող ՀՆԱ-ի համապատասխանաբար 10%-ն է եւ 4,5%-ը։