Թումո Երեւանում «Արհեստական բանականություն եւ կրթություն» սիմպոզիումի շրջանակում սեպտեմբերի 23-ին տեղի կունենան տեխնոլոգիական եւ կրթական ոլորտի առաջատար մասնագետների` ներառյալ Google DeepMind, OpenAI, Microsoft, Harvard, MIT, Meta, Figma, Khan Academy եւ այլ համաշխարհային գիգանտների ներկայացուցիչների քննարկումներ ու վարպետության դասեր: Բանախոսները կանդրադառնան կրթության, տեխնոլոգիաների, աշխատաշուկայի եւ կյանքի այլ ոլորտների վրա արհեստական բանականության ազդեցությանը: Սիմպոզիումը կհեռարձակվի ուղիղ եթերով:
Թումո Երեւանում ներկա կլինեն Emerson Collective ընկերության տեխնոլոգիական տնօրեն Րաֆֆի Գրիգորյանը, Krisp ընկերության հիմնադիր եւ տնօրեն Դավիթ Բաղդասարյանը, FAST հիմնադրամի հիմնադիր եւ տնօրեն Արմեն Օրուջյանը, YerevaNN լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանը, Նյու Յորքի համալսարանի հետազոտող, մշակութային տեսաբան եւ նկարիչ Արի Մելենչիանոն, ինչպես նաեւ Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը: Սիմպոզիումին առցանց կմիանան Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուն, Հարվարդի բարձրագույն կրթության դպրոցի հետազոտող Թեսսա Ֆորշան, Ստենֆորդի համալսարանի դասախոս Էմմա Բրանսքիլը, Meta-ում AI պրոդուկտ թիմի ղեկավար Մարիլի Նիկան, Microsoft-ի կրթության հետազոտության միջազգային տնօրեն Մարիա Լանգուորթին, NVIDIA-ի AI հետազոտության փոխնախագահ Սանջա Ֆիդլերը, GitHub-ի գլխավոր հետազոտող Էդի Աֆթանդիլյանը եւ միջազգային մակարդակի այլ փորձագետներ:
Առցանց հեռարձակմանը միանալու կամ սիմպոզիումին տեղում` Թումո Երեւանում մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել tumo.ai կայքում, որտեղ էլ կարելի է ծանոթանալ բանախոսների ամբողջական ցանկին եւ օրակարգին: Սիմպոզիումի մասնակցությունն անվճար է եւ բաց բոլորի համար` առանց որեւէ սահմանափակման: Միջոցառման լեզուն անգլերենն է: