Երեւանում մեկնարկել է «Ընտանիք եւ համայնք» ԲՀԿ-ի կազմակերպած «Իրական պատմություններ․ խոսում են նկարները» խորագրով առաջին նկարաձայնային ցուցահանդեսը: Ներկայացված է ավելի քան 20 նկար, որոնցում երեխաները պատմում են իրենց սոցիալական հիմնախնդրի կամ դրա լուծման հնարավոր ուղիների մասին։ Ցուցահանդեսը երեխաների սոցիալական հիմնախնդիրներից խոսելու բոլորովին նոր ձեւաչափ է:
Նկարները կներկայացնի մասնագետը, դրանք բնականաբար անանուն են։ Նկարի ներքեւում հեղինակ երեխայի պատմությունն է, նրա էմոցիաների նկարագրությունը, տարբեր սոցիալական խնդիրների հետ բախումը։ Որոշ երեխաների պարագայում դրանք ներկայացված են «մինչ մեր ծառայությունների տրամադրումը» եւ «մեր ծառայությունները ստանալուց հետո», որպեսզի ակնհայտ դառնա, թե որքան կարեւոր են սոցիալական ծառայությունները երեխաների կյանքում, եւ որքան հոյակապ են արդյունքները, երբ այդ ծառայությունները համադրվում են արտթերապիայի եւ մշակութային կրթության հետ։
Ցուցահանդեսը անցկացվում է Սիրահարների այգում` ամֆիթատրոնի շրջակայքում։ Ցուցահանդեսի ընթացքում «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես կգա նաեւ «Շունն ու կատուն» ներկայացմամբ: Ցուցահանդեսը կավարտվի սեպտեմբերի 16-ին՝ 16։00-ին: