Ակնհայտ փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը կառուցողական գործիչ չէ։ Նրա կենսունակ դրսեւորման տարածությունը հակադրությունն է։
Ավելին՝ կոնֆլիկտի եւ ճգնաժամի բացակայությունը նրան դարձնում են անգործունյա եւ անմրցունակ։ Նրա քաղաքական գոյության երաշխիքը թշնամու գաղափարի առկայությունն է, որի դեմ ինքը պետք է համառ պայքար մղի՝ մոբիլիզացնելով ժողովրդական զանգվածներին։
Պոպուլիստական իշխանության համար սա, իհարկե, արդյունավետ ռեսուրս է, բայց ոչ անսպառ։ Հանրությունը չի կարող անվերջ ապրել հանրահավաքային նույն ռեժիմում, հատկապես երբ ներքին կոնֆլիկտի մշտական ուղեկիցը արտաքին ագրեսիան է։
Փաշինյանը շատ լավ հասկանում է իրերի այս դասավորությունը՝ ըստ անհրաժեշտության հերթափոխով կիրառելով իր զինանոցում առկա բոլոր գործիքները՝ սոցիալական պոպուլիզմը, ազգայնական դեմագոգիան, բռնությունը, կեղծիքը, միֆերի վերարտադրությունը եւ այլն։
Պայքարելով սոցիալական անարդարության, նախկինների, դատական համակարգի եւ եկեղեցու դեմ, զուգահեռաբար կործանման շեմին հասցնելով Ղարաբաղի հարցը՝ Փաշինյանը հիմա էլ շահագործման առարկա է դարձրել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը։
Իբր թե ՔՊ-ի հիմնական առաքելությունն է Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանումը։
Առաքելությունն այդ նույնպես կոնֆլիկտածին է, քանի որ եթե կա այդպիսի պայքար, ապա տրամաբանորեն պետք է լինեն նաեւ դրա հակառակորդները։ Այս պարագայում Փաշինյանը Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը հակադրության մեջ է դրել Արցախի եւ Ռուսաստանի հետ։
Գործում է հետեւյալ բանաձեւը․ եթե ուզում եք՝ Հայաստանը գոյություն ունենա 29.800 քառ․ կմ սահմաններով, ապա անհրաժեշտ է վերջնականապես հրաժարվել Արցախից ու ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Գրեթե չեմ կասկածում, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը առաջին հերթին հենց Հայաստանի համաձայնությամբ է հնարավոր դարձել։
Բայց Փաշինյանն այսքանով չի սահմանափակվում․ գոնե քարոզչական տիրույթում նա անհամատեղելի է դարձնում Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականությունն ու Հայաստանի անկախության հնարավորությունը, ինչն իսկապես կարող է իրական աղետի պատճառ դառնալ։
Փաստացի նա ստեղծում է ճգնաժամ, իսկ հետո պայքարում դրա դեմ՝ բնականաբար մեղքը բարդելով նախկինների, ռուսների, Արեւմուտքի վրա։
Քաղաքական այս միֆերը հնարամտորեն տեղափոխվել են նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների համատեքստ։ Իշխանական քարոզչությունը պնդում է, թե զուտ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունը աշխարհաքաղաքական հիմքեր ունի, եւ որոշ մասնակիցներ ներկայացնում են դրսի ուժերի շահերը։
Խոսքը բնականաբար Հայկ Մարությանի եւ Ռուբեն Վարդանյանի մասին է, որոնք, իբր, ուղղորդվում են ռուսների կողմից՝ սպասարկելով նրանց տարածաշրջանային հետաքրքրությունները։ Մատի փաթաթան են դարձրել Ռուբեն Վարդանյանի գնահատականները Թաթարստանի եւ Հայաստանի վերաբերյալ։
Վարդանյանի ձեւակերպումն, իրոք, հաջող չէր, բայց նա ամենեւին էլ նկատի չուներ, թե Հայաստանը պետք է Թաթարստանի օրինակով ՌԴ սուբյեկտ դառնա։ Ես երբեւէ Վարդանյանի համակիրը չեմ եղել, պարզապես խնդրի ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ դա ուռճացված քարոզչական փուչիկ է եւ ոչ ավելին։ Ընդամենը ՔՊ-ի թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, անհաղթահարելի դժվարությունների է բախվել, եւ գործերը, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն գնում։
Թերեւս հենց սրանով է պայմանավորված, որ անկախության պաշտպանության փաշինյանական միֆը իջեցվել է ավագանու ընտրությունների մակարդակին։
Բնականաբար այս ամենի աղը 13 հազար վագներականների հեղաշրջման խելահեղ սուտն էր, ինչն ամբողջացնում է մեր պատկերացումները իշխանական քարոզչական ուղղվածության վերաբերյալ։
Այսինքն՝ ժամանակին հեղափոխության պաշտպանության համար արդեն մի քանի անգամ վստահության քվե աղերսած իշխանությունները հիմա էլ անկախության եւ ինքնիշխանության համար են ձայներ ուզում։
Իբր իրենք են ազատ ու անկախ Հայաստանի գոյության երաշխավորները, եւ հեռացնել Փաշինյանին ու Ավինյանին նշանակում է նահանջել բարձր այդ արժեքներից։ Եթե, օրինակ, Հայկ Մարությանը լինի քաղաքապետ, ապա Հայաստանն այլեւս անկախ չի լինի, քանի որ նա ռուսական գործակալ է։
Եվ այս քարոզչությունն իրականացվում է այն պարագայում, երբ հենց ՔՊ-ն է կործանարար հարված հասցրել Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը։ Չկանխելով պատերազմն ու հրաժարվելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացից՝ նրանք ոչնչացրին Արցախն ու զրկեցին Հայաստանին գործոն լինելու հնարավորությունից։
Փաշինյանը, ստորագրելով նոյեմբերի 9-ի հայտարարության տակ, պարտավորվել է Սյունիքում ճանապարհ տրամադրել ռուսական ԱԴԾ-ի վերահսկողությամբ, ինչն իհարկե նահանջ է ինքնիշխանությունից, բայց ոչ կործանում, ինչպես ներկայացնում են իշխանական արեւմտամետ պրոպագանդիստները։
Եվ հիմա նա հրաժարվում է իր իսկ պարտավորություններն իրականացնելուց եւ կոնֆլիկտ է հրահրում Ռուսաստանի դեմ, ինչը կարող է իսկապես կործանման պատճառ դառնալ։
Հայաստանը վաղ թե ուշ տալու է այդ ճանապարհը, բայց անդառնալի կորուստների եւ զոհերի գնով, ինչը բնականաբար նորից կներկայացվի որպես պայքար հանուն անկախության եւ ինքնիշխանության։
Հայաստանն այն երկիրը չէ, որը կարող է հակադրվել Ռուսաստանին։ Կործանարար այդ ճանապարհից խուսափում են նույնիսկ Վրաստանն ու Ադրբեջանը, քանի որ այդ արկածախնդրության տրամաբանական վերջնարդյունքը ռուսական փրկությունն է, այն է՝ Ռուսաստանի ազդեցության քառապատկումը տարածաշրջանում։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն Ռուսաստանին հրավիրում է Հայաստան՝ հրավերն այդ կոչելով պայքար հանուն անկախության եւ ինքնիշխանության։ Միայն Աստծուն է հայտնի, թե այդ ժամանակ քանի քառակուսի կիլոմետր կլինի Հայաստանը։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։