Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Գյումրի-Երեւան ճանապարհին ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի դին Արցախ վերադարձնելու հարցն անհապաղ քննելու դիմումը։
Հելեն Դադայանի հարազատներն անհապաղ միջոցի խնդրագրով դիմել էին ՄԻԵԴ, որպեսզի հնարավոր լիներ աղջկա դին տեղափոխել Արցախ։ Հելենի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը, «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է, որ ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը, քույր-եղբայրներն Արցախում են ու շատ վատ վիճակում։ Նա հավելել է, որ Հելենի աճյունը պետական հոգածության տակ չէ, այսինքն՝ աճյունն Արցախ վերադարձնելու ուղղությամբ բանակցություններ չկան։
«Արդեն մոտ մեկ ամիս Գորիսի դիահերձարանում է։ Հայաստանում Հելենը ոչ մի այլ հարազատ չունի, միայն ես եմ և իրավասու չեմ որևէ որոշում կայացնելու»։ Հարցին, թե հնարավոր համարում է, որ ընտանիքի անդամներին տեղափոխեն Հայաստան, որպեսզի այստեղ մասնակցեն աղջկա հուղարկավորությանը, Սաֆարյանը պատասխանել է, որ նման տարբերակն իրենց համար անընդունելի է։ «Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ եթե նրանք գան Հայաստան, հետո կկարողանան վերադառնալ Արցախ։ Միաժամանակ, եթե հիմա այստեղ հուղարկավորենք, հետագայում արտաշիրիմելու հետ կապված խնդիրներ են առաջանալու, իսկ ծնողների համար դա էլ անընդունելի է։ Հիմա հարազատներն էլ չգիտեն՝ ինչ են անելու»,- նշել է Հելենի մորեղբայրը։
Ըստ Հելեն Դադայանի ընտանիքի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի՝ դատարանը որոշել է, որ կորուստն անդառնալի է, մահ է արձանագրվել, այդ պատճառով էլ հարցը կքննարկեն հիմնական գանգատի շրջանակում և ոչ թե անհապաղ: