Մի քանի օր առաջ համակարգչիս պանակները կարգի բերելիս գտա ֆրանսիահայ ճանաչված երգիծանկարիչ Ռընե Հովիվի այս գործը, որը փիլիսոփայական խորքով միշտ ապշեցրել է ինձ։
Ասելիքն ի՞նչ է։
Ով ուզում ես եղիր՝ անհատ, կազմակերպություն, իշխանություն, կառավարություն, չպետք է կորցնես փոքր ու աննշմար լինելու զգացումը։ Փոքր ու աննշմար չի նշանակում նվաստ ու ստորացված։
Լինել փոքր ու աննշմար նշանակում է զգալ ժամանակն իր ամբողջ ծավալով։ Եթե զգաս ժամանակը, կհասկանաս, որ այն անվերջ է ընդհանրապես, ոչ թե հատկապես քեզ համար։
Իշխող կուսակցության նախընտրական հանրահավաքի տեսանյութերը հպանցիկ նայելիս հասկանում ես, որ՝ չէ՛, նրանք չեն տեսնում այն ավելը, որն ավլողին է ավլում։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։