Հայաստանի պատմության թանգարանում սեպտեմբերի 16-ին՝ 12.00-ին, կբացվի «Կարասի ֆենոմենը թաղման ծեսում. կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Հայաստանի պատմության թանգարանի եւ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի համագործակցությամբ կազմակերպված ցուցադրությանը առաջին անգամ կներկայացվեն Հայաստանի տարբեր հնավայրերի (Գառնի, Նոր Արմավիր, Մեծամոր, Ներքին Նավեր, Մաստարա եւ այլն) պեղումներից, ինչպես նաեւ պատահաբար հայտնաբերված թաղման կարասներն իրենց ուղեկցող գույքով՝ խեցեղեն, մետաղ, զարդեր եւ այլ իրեր։
Նույն օրը՝ 13:00-15:00-ն, կանցկացվի կարասային թաղումների մշակույթին նվիրված աշխատաժողով: Պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ աշխատաժողովում առաջին անգամ ներկայացնելու է «Կարասային թաղումների մշակույթը եւ քրիստոնեական սրբերի մասունքների փնտրտուքները վաղ միջնադարում» զեկույցը: