ԱՄՆ երեք խոշոր ավտոարտադրողների աշխատակիցները գործադուլ են հայտարարել։ Ցուցարարները պայքարում են աշխատանքային պայմանների բարելավման համար։ Ըստ բրիտանական BBC գործակալության՝ գործադուլները սկսվել են Միսսուրիի միջին չափի բեռնատարների GM’s Wentzville, Միչիգանի Ford Bronco եւ Օհայո նահանգի Jeep գործարաններում:
Ավելի քան 10 հազար աշխատակիցներ են մասնակցում գործադուլին: Ավտոմոբիլաշինության միացյալ արհմիությունը (UAW) պայքարում է աշխատանքային պայմանագրերի նոր պայմանների դեմ:
Աշխատանքի դադարեցումը գործարաններում կարող է հանգեցնել ավտոմեքենաների գնաճի եւ լուրջ խափանումներ առաջացնել ավտոարդյունաբերության հսկաների արտադրությունում։ Գործադուլավորների պահանջները ներառում են չորսօրյա աշխատանքային շաբաթ, գնաճին զուգահեռ աշխատավարձերի ավտոմատ բարձրացումներ, ինչպես նաեւ արհմիության նպաստներից զրկված «ժամանակավոր» համարվող աշխատողների արտոնությունների վերանայում։