Ադրբեջանի նախագահի միջազգային հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ Բաքուն ձգտում է բացելու տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները, եւ համոզված է, որ առեւտրատնտեսական սերտ կապերը կօգնեն խաղաղություն, կայունություն հաստատելու տարածաշրջանում եւ բարգավաճելու: Հաջիեւը նշել է, որ Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացման շուրջ բանակցություններում որոշակի լճացում է նկատվում։ Նա հավելել է, որ 2020-ի նոյեմբերի 9/10-ի համաձայնագրի ստորագրումից գրեթե երեք տարի անց համաձայնագրի այդ կետը Հայաստանը դեռեւս չի կատարել։ Ըստ Ադրբեջանի նախագահի խորհրդականի՝ Զանգեզուրի միջանցքի բացումը ձեռնտու է առաջին հերթին հենց Հայաստանին։ «ՀՀ-ն երեք տասնամյակ Ադրբեջանի դեմ օկուպացիոն քաղաքականության արդյունքում տարածաշրջանի տրանսպորտային եւ լոգիստիկ ծրագրերից դուրս է մնացել»,- նշել է Հիքմեթ Հաջիեւը։
Նա ընդգծել է, որ չնայած Հայաստանի ղեկավարության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության հռչակագրային ճանաչմանը՝ Հայաստանի իշխանությունները փաստացի շարունակում են Հայաստանի պետական բյուջեից ֆինանսավորել Ղարաբաղում «անօրինական զինված կազմավորումները, որոնք հիմնականում բաղկացած են Ղարաբաղում ՀՀ զինված ուժերից»։ Նա հավելել է, որ ամբողջ պարագծով «հայկական անօրինական զինված խմբավորումները» լայնածավալ ականապատում են Ղարաբաղի տարածքները։ «Կարծես թե Հայաստանի կողմից մինչեւ 2020 թվականը մեր հողերի վրա դրված ավելի քան 1 միլիոն ականները քիչ էին»,- ասել է Հաջիեւը ։
«Եթե Հայաստանը տարբեր պատրվակներով հրաժարվի ստանձնած պարտավորություններից եւ ցանկանա մեկուսացված մնալ, Բաքուն մտադիր չէ սպասել եւ արդեն ակտիվորեն աշխատում է այլընտրանքային նախագծերի վրա տարածաշրջանի այլ երկրների հետ։ Մենք մեր լոգիստիկ կարիքները չենք կապելու Հայաստանի իշխանության քմահաճույքի հետ եւ առաջ ենք գնալու մեր տարածաշրջանային գործընկերների հետ»,- ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում շեշտել է Ադրբեջանի նախագահի օգնականը: