Արցախի իշխանությունները որոշում են ընդունել թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը։
Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ շեշտվել է, որ խոսքը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով եւ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արտասահմանյան ծագում ունեցող հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման մասին է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։
«Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի եւ խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ չի նշվում՝ Արցախի գործադի՞ր, թե՞ օրենսդրական մարմինն է նման որոշում ընդունել: