«Ալիք Մեդիայի» արտադրած ֆիլմաշարի «Չերեւան» խորագիրը զանազան մեկնաբանությունների տեղիք տվեց։
Շատերին դուր չէր գալիս «չ» ժխտական մասնիկը, ոմանք հեղինակներին մեղադրում էին մայրաքաղաք Երեւանի էլիտարությունն ընդգծելու համար, ուրիշներն էլ բողոքում էին, որ մեր հանրապետության քաղաքները ներկայացվում են մռայլ գույներով։
«Չերեւան» ֆիլմաշարի նպատակը, սակայն, իրականությունը ներկայացնելն է։ Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանում Երեւանից բացի՝ մյուս քաղաքները մնացել են խորհրդային, սոցիալիստական անցյալի եւ ժողովրդավարական, ազատական ներկայի միջակայքում՝ կորցնելով երբեմնի հմայքն ու ձեռք չբերելով քաղաքային մշակույթին բնորոշ նոր կարգավիճակ։
Ալավերդի, Թալին, Չարենցավան, Մեղրի, Եղեգնաձոր, Արթիկ…
«Ալիք Մեդիայի» «Չերեւան» նախագծի առաջին փուլում նկարահանված այս քաղաքներում թեեւ կան արդի տեխնոլոգիաներով հագեցած արտադրություններ, հասարակական ու կրթական հետաքրքիր նախաձեռնություններ, բայց նշված բնակավայրերը դեռ հեռու են լիարժեք քաղաք համարվելուց եւ ապրելու ցանկալի տեղ լինելուց։
«Ալիք Մեդիայի» նպատակը շատ պարզ է՝ խոսակցություն սկսել Հայաստանի քաղաքների այսօրվա եւ ապագայի մասին՝ հրավիրելով հանրության եւ կառավարության ուշադրությունը։
Համաչափ ու հավասար զարգացումը ցանկացած երկրի զարգացվածության ցուցիչն է, եւ մեր մոտեցումն այս թեմային կարող է գնահատվել որպես նախանձախնդրություն։