Երեւանի ավագանու ընտրությունների վերահաշվարկի վերաբերյալ դիմումները մասնակից ուժերի վստահված անձանցից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կընդունի սեպտեմբերի 18-ին` 12։00-18։00-ը եւ սեպտեմբերի 19-ին` 9։00-11։00-ն ընկած ժամանակահատվածում։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հավելել է, որ ԿԸՀ-ում վիճակահանությամբ` պատահականության սկզբունքով, կընտրվեն այն ընտրատեղամասերը, որտեղ կանցկացվի վերահաշվարկ։ «Նաեւ ԿԸՀ-ն կարող է իր նախաձեռնությամբ որոշել` ուրիշ որ ընտրատեղամասերում անցկացնել վերահաշվարկը»,- նշել է Հովակիմյանը։
Նա շեշտել է, որ դրանք սեպտեմբերի 17–ի 21։00–ի տվյալների ճշգրտված թվերն են, քանի որ ըստ արձանագրությունների են կազմվել։
ԿԸՀ նախագահը ներկայացրել է նաեւ ընտրատեղամասերից ԿԸՀ ստացված արձանագրությունների նախնական տվյալները։ Ըստ դրանց` Երեւանի ավագանու ընտրություններին հիմնական ցուցակներում ընտրողների ընդհանուր թիվը եղել է 824 հազար 250, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը` 234 հազար 436 (կամ 28,44%)։
Եթե տվյալները չփոփոխվեն
Եթե ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալները չփոփոխվեն, ավագանու մանդատները կբաշխվեն հետեւյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»` 24, «Ազգային առաջընթաց»` 14, «Մայր Հայաստան»` 12, «Հանրապետություն»` 8 եւ «Հանրային ձայն»` 7 մանդատ։