Սեպտեմբերի 16-ին Լոռու Դեբետ գյուղում անցկացվեց «ՔՈԱՖ Փառատոն 2023»-ը։ Այն կազմակերպել էր «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ITTD ծրագրի աջակցությամբ։
Փառատոնի՝ 30-ից ավելի տաղավարներում ներկայացված էր մարզաբնակ տնտեսվարողների արտադրանքը՝ գյուղմթերք, թեյեր, հագուստ եւ գործվածքներ, խնամքի եւ կոսմետիկ միջոցներ, ձեռագործ իրեր, պայուսակներ, հուշանվերներ։ Իրենց առաջարկները ներկայացրին նաեւ մարզում ժամանցային ծառայություններ առաջարկող ընկերությունները։
«Արվեստի, արհեստի եւ երաժշտության ՔՈԱՖ» փառատոնին ներկայացվեց նաեւ ՔՈԱՖ Կոնցեպտը, որը ներառում է «Կոնցեպտ» հյուրանոցը՝ համագումարների ընդարձակ կենտրոնով եւ այլ ենթակառուցվածքներով։ Այն նախատեսված է հանգստի, մասնագիտական ու պաշտոնական միջոցառումների համար։ Սա, ըստ հիմնադիրների, կնպաստի նաեւ գյուղական համայնքներում ՔՈԱՖ-ի կրթական եւ սոցիալական ծրագրերի հետագա ընդլայնմանն ու շարունակականության ապահովմանը։
Բացօթյա պատկերասրահում ցուցադրվեցին նաեւ Արդեանի արվեստի ինստալյացիաները, որոնք տեղադրված կմնան ՍՄԱՐԹ կենտրոնի տարածքում։ Փառատոնի ամբողջ ընթացքում հնչեցին երաժշտական կենդանի կատարումներ։