«Եվրոպան տեղայնացվում է» ծրագրի շրջանակում Գյումրիում հիմնվում է զբոսաշրջային ոլորտի զարգացմանն ուղղված երիտասարդական աշխատանքային խումբ:
Գյումրեցի երիտասարդների մեծ ներուժն օգտագործելու եւ խումբ ձեւավորելու գաղափարն ու նախաձեռնությունը Գյումրու համայնքապետարանինն էր, որն օրեր առաջ հայտարարություն էր տարածել: Եվրոպան տեղայնացնելու հայաստանյան ծրագրի համակարգումն էլ իր վրա է վերցրել «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն:
Ծրագիրը երկարաժամկետ է՝ մինչեւ 2027 թվականը: Կազմակերպիչների նպատակն է եվրոպական ընդգրկուն ցանցի ստեղծումը եւ միջազգային համագործակցության հաստատումը Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության երկրների համայնքապետարանների, տեղական երիտասարդական հասարակական, հովանոցային կազմակերպությունների եւ անհատ փորձագետների միջեւ:
Զբոսաշրջության ոլորտում առաջիկա անելիքների մասին այսօր հանդիպում-քննարկում է անցկացվել Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի եւ երիտասարդական աշխատանքային խմբի անդամների միջեւ:
«Գյումրու համայնքապետարանը եւ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն բազմամյա համագործակցության փորձ ունեն, վաղուց լավ բարեկամներ են, վստահ եմ, որ այս ձեռնարկը եւս հաջողությամբ կիրագործվի: Ուրախ եմ, որ մեր քաղաքի երիտասարդների կողմից հետաքրքրվածություն կա։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ ցանկացած իրատեսական գաղափար, որն ուղղված է լինելու մեր քաղաքի շենացմանը, իրականություն դառնա»,- ասել է Սամսոնյանը։
Հանդիպման ընթացքում ԵՆԿ ներկայացուցիչները խոսել են ծրագրի առանձնահատկությունների եւ հնարավորությունների մասին, քննարկել են հետագա անելիքները: