Երեւանի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված քաղաքական ուժի՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության՝ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հանդես է եկել հետագա քայլերի առաջարկով:
Նշելով, որ նորաստեղծ խմբակցության առաջին նիստում քննարկել են հետագա անելիքները՝ նա ավագանու ընտրություններում մանդատներ ստացած ընդդիմադիր մյուս ուժերին առաջարկել է երկու տարբերակ:
Առաջին տարբերակով, որպես ամենաշատ թվով մանդատ ստացած ընդդիմադիր ուժ, Մարությանը նշել է, որ իրենց խմբակցությունն իրեն կառաջադրի քաղաքապետի թեկնածու: Մյուս երեք ընդդիմադիր ուժերը եւս կընտրեն իրեն: Այսինքն՝ կոալիցիա չի կազմվի, քանի որ ընդդիմադիր ուժերն իրար հետ քաղաքական եւ գաղափարական լուրջ տարաձայնություններ ունեն:
Ընդգծելով, որ ընդդիմության գլխավոր նպատակը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քաղաքային իշխանություններից զրկելն է՝ Մարությանը նշել է, որ կդառնան քաղաքային իշխանություն, իսկ մնացած ուժերը կդառնան ընդդիմություն եւ, որպես ավագանու անդամ, ազատ կիրականացնեն իրենց վերահսկողական ֆունկցիաները։
Երկրորդ տարբերակով՝ ընդդիմադիր ուժերը չեն մասնակցի ամենաշատ թվով մանդատ ստացած ՔՊ-ի նիստին, քվորում չի լինի (քվորումի համար պետք է 33 ձայն), եւ կկազմակերպվեն ավագանու նոր ընտրություններ: