Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ euneighbourseast.eu-ը հասարակական կարծիքի ուսումնասիրման ընթացքում պարզել է, որ վրացիների 54%-ը դրական կարծիք ունի Եվրամիության մասին, ինչը նախորդ տարվա ցուցանիշների համեմատ 11%-ով ցածր է։ Այս ցուցանիշի նվազման պատճառը հիմնականում հասարակության չեզոք վերաբերմունքն է։ Մինչդեռ Եվրամիության վերաբերյալ բացասական կարծիք ունի Վրաստանի բնակչության 3%-ը։
Վրաստանի բնակչության 78%-ի համար Եվրամիությունը դարձյալ ամենավստահելի միջազգային հաստատությունն է, թեեւ նախորդ տարվա տվյալների համեմատ վստահությունը 5%-ով նվազել է։ Հարցվածների 82%-ը տեղեկացված է Եվրամիության ֆինանսական աջակցություններից եւ ԵՄ-ն համարում է հիմնական ֆինանսական ներդրողներից մեկը։
Եթե Եվրամիությանը միանալու հանրաքվե անցկացվեր Վրաստանում, ապա քաղաքացիների 74%-ը կաջակցեր անդամակցությանը։ Ընդ որում՝ վրացական լրատվամիջոցներում Եվրամիությունը ներկայացվում է 53%-ով դրական, իսկ 32%-ով` չեզոք լույսի ներքո։ Քաղաքացիների 46%-ը՝ վաճառքի եւ տնտեսական զարգացման, 40%-ը՝ կրթության, եւ 47%-ը անվտանգության ոլորտում կողջունեն Եվրամիության աջակցությունը։
Վրաստանի բնակչության 84%-ի կարծիքով՝ Վրաստանը լավ հարաբերություններ ունի Եվրամիության հետ։ Այս տարի ցուցանիշն առաջին անգամ 2016 թվականին անցկացված հարցման համեմատ 9 կետով աճել է։