Մի շարրք ադրբեջանցի խաղաղարարներ դեմ են արտահայտվել պատերազմին։ Քաղաքական վերլուծաբան եւ խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամադովն ասել է, որ նպատակը տարածաշրջանի հայ բնակչության էթնիկ զտումն է։
«Վերջնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայաթափումն է. մշտական գոյաբանական անապահովությունը, որը Ադրբեջանը պահպանում է Լեռնային Ղարաբաղում, այն քաղաքականությունն է, որը նպատակ ունի ոչնչացնելու Լեռնային Ղարաբաղը։ Արգելափակման եւ ռմբակոծման նույն քաղաքականությունն արդեն եղել է 1990-ականներին»:
Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանի կառավարության կողմից ուժի կիրառումը Ղարաբաղի նկատմամբ խոչընդոտում է Ադրբեջանի ժողովրդավարությունը: «Ադրբեջանը հերթական անգամ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ եւ երկխոսության փոխարեն դեռ օգտագործում է ուժի եւ հարձակման ռազմավարությունը։ Պետությունը, որն այլ ճանապարհ չի տեսնում, քան արյունահեղությունը, երբեք չի կարող լինել ժողովրդավարական եւ ազատ»,- նշել է Բահրուզ Սամադովը։
Խաղաղության եւ ժողովրդավարության ակտիվիստ Գիյաս Իբրահիմն էլ զգուշացրել է, որ պատերազմը կարող է վտանգ ներկայացնել նաեւ Ադրբեջանի ինքնիշխանությանը: «Ամեն դեպքում այս գործողությունը կարող է սպառնալիք լինել նույնիսկ ադրբեջանական ռեժիմի համար»,- նշել է Գիյաս Իբրահիմը։
Ադրբեջանցի խաղաղության ակտիվիստներ Ամրահ Թահմազովը եւ Ջավիդ Ահմադովը ենթադրաբար կանչվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայություն՝ սոցիալական ցանցերում հակապատերազմական բովանդակություն հրապարակելու համար։
Ադրբեջանի երկու ամենահայտնի ընդդիմադիր կուսակցությունները տարբեր կերպ են մտածում պատերազմին աջակցելու հարցի վերաբերյալ:
Ադրբեջանի ժողովրդական ճակատի նախագահ Ալի Քարիմլին դեմ է արտահայտվել պատերազմին։ «Ադրբեջանի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն Ղարաբաղյան երրորդ պատերազմից խուսափելու համար»,- ասել է նա եւ հավելել, որ պատերազմի շահագրգիռ կողմը Ռուսաստանն է։
Մինչդեռ «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլին հայտարարել է, որ «ադրբեջանական պետության բացառիկ իրավունքն է իրականացնել անհրաժեշտ միջոցներն ըստ սահմանադրության եւ օրենքների, ինչպես նաեւ միջազգային իրավական նորմերի»։