Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ հայտնելով ԼՂ-ում բնակվող հայ բնակչության ներկայացուցիչների հետ Եվլախում հանդիպման պատրաստակամության մասին:
«Սակայն հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար հայկական անօրինական զինված կազմավորումները պետք է սպիտակ դրոշ բարձրացնեն, հանձնեն բոլոր զենքերը, իսկ անօրինական ռեժիմը պետք է ինքնալուծարվի։ Հակառակ դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն մինչեւ վերջ»,- ասված է հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 19-ին ավելի վաղ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանին ստիպի անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Նա շեշտել է, որ եթե Ադրբեջանը մերժի այդ կոչերը, պետք է պատժամիջոցներ կիրառել նրա նկատմամբ։ «Աշխարհը չի կարող լռել, երբ տեղի են ունենում էթնիկ զտումներ»,- X-ի իր գրառման մեջ նշել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։