Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը կրկին զգուշացում է տարածել իր քաղաքացիների համար` խորհուրդ տալով զգուշություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր միջազգային սահմանների մոտ։ Միաժամանակ խորհուրդ է տրվում հնարավորինս հեռու մնալ շփման գծից:
«ԱՄՆ կառավարությունը չի կարող արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում եւ նրա շրջակայքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ մուտքը սահմանափակ է»,– նշված է հայտարարության մեջ:
ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին եւ նրանց ընտանիքներին խորհուրդ է տրվել շարունակել հետեւել գործող սահմանափակումներին, խուսափել որոշ ուղեւորություններից։ Այդ ցուցակում են Տավուշի մարզում` Մ4 մայրուղու երկայնքով` Իջեւանից հյուսիս եւ դեպի արեւելք բոլոր շրջանները, Գեղարքունիքի մարզում` Սեւանա լճից արեւելք, հարավ եւ Մ10 մայրուղուց արեւելք, Արարատի մարզում` Երասխը, ինչպես նաեւ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը։
Միեւնույն ժամանակ, սեպտեմբերի 19-ին Պենտագոնից հայտնել են, որ ԱՄՆ-ը մտադիր չէ դադարեցնել Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժությունները։ «Զորավարժությունները վաղաժամկետ դադարեցնելու ծրագրեր չկան, դրանք պետք է ավարտվեն սեպտեմբերի 20-ին»,- ասված է հաղորդագրությունում։