ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իրանի զինված ուժերի պաշտպանության եւ աջակցության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանիին։ Շոյգուն ասել է, որ երկրների միջեւ փոխգործակցությունը նոր մակարդակի է հասնում, եւ նրանց միջեւ երկխոսությունը զարգանում է «հատկապես ինտենսիվ»։
Ռուս նախարարը նշել է, որ Մոսկվան եւ Թեհրանը «միտված են ծրագրված գործողությունների ողջ շրջանակի իրականացմանը՝ չնայած ԱՄՆ-ի եւ նրա արեւմտյան դաշնակիցների հակազդեցությանը»։
«Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցները ցույց են տալիս դրանց անիմաստությունը, մինչդեռ ռուս-իրանական փոխգործակցությունը նոր մակարդակի է հասնում»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը:
Սերգեյ Շոյգուն Թեհրան է ժամանել երեկ՝ սեպտեմբերի 19-ին։ Նա հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ։ Մինչ այս նրանք հեռախոսով զրուցել են հունիսի վերջին, քննարկման թեման եղել է ռազմական համագործակցությունը։