Ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր՝ 13:00-ից, ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։
Արցախի նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ։
«Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների»,- ասվում է հայտարարության մեջ։
Կողմերը պայմանավորվել են Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման մասին։
Ադրբեջանի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև բնակչության կենսական ապահովման մասին՝ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում վաղը։