Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՌԴ խաղաղապահները Ղարաբաղում շատ ակտիվ աշխատում են հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի հետ ու ամեն ինչ անում խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար:
Պուտինը հույս է հայտնել, որ Ղարաբաղում կհաջողվի հասնել լարվածության թուլացման եւ խնդիրը խաղաղ հուն տեղափոխելուն։ «Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտության բոլոր կողմերի՝ Երեւանի, Ստեփանակերտի եւ Բաքվի իշխանությունների հետ»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Պուտինը հավելել է, որ ՌԴ խաղաղապահների տեղակայման հիմնական կետում ավելի քան 2000 քաղաքացիական անձ կա, որոնցից ավելի քան հազարը երեխաներ են:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արձագանքելով ԼՂ-ում ռուս խաղաղապահների անգործության մասին Երևանի մեղադրանքներին, նշել է, որ «դե յուրե Ադրբեջանը գործել է իր տարածքում»։ «Մենք չենք ընդունում նման կշտամբանքները մեր հասցեին, հատկապես այն բանից հետո, երբ հայկական կողմը պաշտոնական որոշում է ընդունել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու»,- նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։