2020-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ բացասական է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը եւ կարծում է, որ դրանք իրականում դադարել են:
«Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը: Կարծում եմ՝ ադրբեջանցի ժողովուրդը լիովին համաձայն է ինձ հետ… Բանակցություններն իրականում չեն ընթանում»,- ասել է Ալիեւը:
Հայաստանի ղեկավարությունը «փաստացի խախտել է բանակցային գործընթացը», «քանի որ նրանց անհեթեթ հայտարարությունները, սադրիչ քայլերը անիմաստ են դարձնում բանակցությունները»,- հավելել է նա:
Աշոտյանը պատերազմի հոտ է առնում
Հաջորդ օրը Ալիեւի հայտարարությանն առաջինն արձագանքում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը պատերազմի հոտ է առնում: «Եթե պատերազմն անխուսափելի է, ապա, ի հավելումն այլ բազմաթիվ խնդիրների, Հայաստանը չպետք է պիտակավորվի որպես «մեղավոր» երկիր»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է նա:
«Ալիեւը չի կրակում». կոնսպիրոլոգի գրառումները
Հայկական մեկ այլ լրատվամիջոցում արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը երկրորդում է իր կուսակցին․ «Հիշեցնեմ՝ նա (Իլհամ Ալիեւը) ասել է, որ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձն իր հետ պայմանավորվել է։ Պայմանը հետեւյալն է՝ Ալիեւը չի կրակում, Փաշինյանը ներսում ճնշում է քաղաքական հակառակորդներին, իսկ Փաշինյանն էլ Ալիեւին հարմար կերպով լուծում է Արցախի հարցը։ Հիմա Ալիեւն ասում է՝ ես պահել եմ պայմանը, Նիկոլը՝ խախտել։ Որ մասն է չափազանցում Ալիեւը՝ արդեն կարեւոր չէ, քանզի մեզ մի բան պիտի հետաքրքրի՝ նա պատերազմի կոչնակ հնչեցրեց, Հայաստանի դիրքավորումն էլ որակեց ապակառուցողական»։
Հըլը թող Ալիեւը փորձի կրակել
Նույն օրը Ադրբեջանի նախագահի հայտարարությանը պատասխանում է ԱԳ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա ասում է. «Հայաստանը վստահ է իր կարողությունների վրա՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ պատմական հայրենիքում ապրելու իրավունքը, եւ հենց այդ վստահությամբ վերստին ընդգծում ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»:
Վճռական ուժեղը
Նույն օրը Sky News Arabic հեռուստաընկերությունը կառչում է ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքից եւ հարց է ուղղում ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանին․ «Դուք նշել եք, որ մեր երկիրն ունի բավարար ուժ՝ պաշտպանելու մեր ազգային անվտանգությունը։ Ո՞ւմ էր հասցեագրված այդ հայտարարությունը»:
Մնացականյանն ասում է. «Այս հարցը վերաբերում է էքզիստենցիալ անվտանգությանը, ուստի պաշտպանելու վճռականությունը շատ ուժեղ է… Մենք նաեւ շատ մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում Մերձավոր Արեւելքի որոշակի հատվածներում հավաքագրվող ահաբեկիչների մասին, որոնք պետք է տեղափոխվեն կամ արդեն իսկ տեղափոխվել են Ադրբեջան»:
Ի՞նչ է կորցրել Մատենադարանում
Իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մատենադարանում է: Նույն օրվա երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Ավրորա» մրցանակաբաշխությանը եւ տեղեկացնում, որ Անկախության օրը տեղի կունենա արարող քաղաքացու մեծարում: