Արցախում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետեւանքով առնվազն 5 երեխա է զոհվել։ Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի տեղեկություններով` եւս 13 երեխա վիրավոր է։
Բեգլարյանը տեսանյութ է հրապարակել, որում զրուցում է ադրբեջանական հարձակումից տուժած 7-ամյա Ռուզան Հայրապետյանի հետ։
Մեծ Շենը շրջափակման մեջ է. գյուղապետ
Արցախի Հին Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանն էլ հայտնել է, որ Մեծ Շեն գյուղը շրջափակման մեջ է, անհնար է տարհանում անել, կանայք, ծերեր, երեխաներ… բոլորը գյուղում են: Այս պահին էլ կրակում են: Գյուղապետը նշել է, որ Հին Շենի հատվածում զինադադար չի գործում, գյուղն ու կողքի գյուղերը, որտեղ կրակոցները չեն դադարել, անտանելի վիճակում են: Ըստ նրա՝ Եղցահողը, որտեղից մարդկանց հաջողվել է տարհանել, եւ արդեն բնակիչները հեռացել են, արդեն չկա, հողին են հավասարեցրել:
«Անորոշություն է, չգիտենք՝ ոնց անենք: Մենք ամբողջական շրջափակման մեջ ենք: Գյուղից զոհեր ու վիրավորներ չունենք, բայց մեր ընդհանուր տարածքից շատ զոհեր ունենք, շատերի տեղը չգիտենք»,- մանրամասնել է գյուղապետը: Նա նշել է, որ հարակից Հին Շենի առավելությունն այն է, որ այնտեղ ռուս խաղաղապահներ կան: «Բայց հասկանում եք, չէ՞, արդեն ռուսն էլ ռիսկ չի անում թույլ տա՝ դուրս գանք: Սա վերջն էր: Սրանից էն կողմ էլ բան չկա, չի էլ լինի»,- News.am-ին հայտնել է Դավթյանը: