Հայաստանի կառավարությունը որոշել է հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը: Համերգի կազմակերպիչները նշել են, որ տոմսերի եւ համերգի նոր ժամկետի վերաբերյալ մանրամասներն ավելի ուշ կներկայացնեն։ Նրանք ներողություն են խնդրել բոլոր այն անձանցից, որոնք տոմսեր են գնել եւ պատրաստվում էին մասնակցելու «Հրազդան» մարզադաշտում նախանշված համերգին, որի համար ՀՀ Կառավարությունը համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը 2,318,596.8 հազար դրամ է հատկացրել:
Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ արցախցի ռեփեր Լյոկան (Վալերի Ղազարյան) հրաժարվել է Երեւանում Snoop Dogg-ի համերգի բացման ժամանակ ելույթ ունենալուց։ Սոցիալական ցանցերում, միաժամանակ, բուռն քննարկվում էր համերգն առհասարակ չեղարկելու հնարավորությունը Արցախում Ադրբեջանի հրահրած հերթական ագրեսիայի պատճառով։
Համերգի կազմակերպիչները խստագույնս դատապարտել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ ագրեսիան մեր հայրենակիցների դեմ, ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում: