Այսօր մեր Անկախության օրն է։ Այս օրն ունենալու համար հսկայական ճանապարհ ենք անցել։ Անկախության համար պայքարը չի դադարել երբեք։ Մեր ժողովրդի լավագույն զավակները տվել են իրենց միտքը, քրտինքն ու արյունը, որ լինի այն:
20-րդ դարը մեզ պետականության վերականգնման երկու հնարավորություն ընձեռեց՝ դարասկզբին ու դարավերջին։ Դարասկզբի պայմանները նպաստավոր չէին, պետությունը կարճ կյանք ունեցավ։ Դարավերջի պայմանները եղան շատ ավելի շահեկան․ մեր հանրապետությունը 32 տարի է՝ կա ու, անկասկած, լինելու է։
1991-ի սեպտեմբերի 21-ին նախորդել են պայքարի երեք բուռն ու, ըստ էության, բեկումնային տարիներ։ Չափազանց կարճ այդ ժամանակահատվածում սովետական գլխահակ ու իրավազուրկ մարդը քաղաքացի դարձավ, հանգեց Անկախության մտքին ու հանրաքվեի օրն ասաց իր «այո՛»-ն։
Հանրաքվեից մեկ տարի առաջ հրապարակվել էր դեպի 91-ի սեպտեմբերի 21 տանող ճանապարհը նախանշող Անկախության հռչակագիրը:
Հռչակագրի օրը՝ օգոստոսի 23-ին, պարզվեց, որ Հայաստանի վարչապետը անկախության մասին մեր Հռչակագիրը չի հավանում։ Դրանից առաջ չէր հավանում, որ Արարատ լեռը մեր խորհրդանիշներից մեկն է, նաեւ մեր զինանշանի հետ խնդիրներ ուներ։ Խորհրդանիշներն, իհարկե, դոգմա չեն։ Դոգմա չէ նաեւ Հռչակագիրը, այն կարելի է քննարկել: Բայց շատ կարեւոր է քննարկման-քննադատման նպատակը:
Պատմությանը տեղյակները գիտեն, որ Հռչակագիրը բուռն վեճերի արդյունքում է ընդունվել: Լուսահոգի Ռաֆայել Իշխանյանն այսպես է հիշում. «Ամենից երկարատեւ բանավեճը ծավալվեց 1915 թվականի մեր մեծագույն ողբերգությունը Հռչակագրի մեջ հիշատակելու հարցի շուրջ: Նախագահ Տեր-Պետրոսյանը շատ հանգամանալից ու համոզիչ բացատրեց, որ ցեղասպանության հարցը Հայաստանի անկախության Հռչակագրում դնելը քաղաքական եւ դիվանագիտական տեսակետից ճիշտ չէ, որ դրան կարելի է մեկ այլ փաստաթղթում անդրադառնալ: Նույնը շատ հիմնավոր բացատրեցին նաև 6-7 պատգամավորներ: Սակայն հայկական պարզունակ զգացմունքային տարերքն այս անգամ էլ հաղթեց բանականությանը»։
Բանն այն է, որ «հայկական պարզունակ զգացմունքային տարերքը» մեզանում անընդհատ է հաղթում բանականությանը։ Ինքը՝ Փաշինյանը, տարիներ շարունակ եղել է այդ «տարերքի» երեւացող ներկայացուցիչներից մեկն ու այսօր 32 տարի առաջ ծավալված ու քվեարկությամբ ավարտված վեճին մասնակից լինելու նպատակը չի նրան առաջնորդում, ոչ էլ հասկացել է հանկարծ «հայկական պարզունակ զգացմունքային տարերքի» վնասակարությունն ու մեզ զգուշացնել է փորձում: Նրա խնդիրը բոլորովին այլ է։ Հռչակագրի մասին, Արարատ լեռան մասին, զինանշանի մասին նրա խոսքն ուղղված է ոչ թե հայաստանցուն, այլ մեր հարեւաններին։
Պահանջները, որ առաջ են քաշում մեր հարեւանները, հայկական կողմից հակազդեցության չեն հանդիպում։ Հակազդելու համար խնդիրը ողջ խորությամբ հասկանալու ունակություն, ապա՝ դիվանագիտական հմտություններ են պետք, որոնք չկան։ Հետեւաբար նահանջում ու նահանջում են։
Իրենց նահանջները, իրենց անկարողությունն ու պարտությունները քողարկելու նպատակով էլ թիրախավորում են մեր պատմությունը, աղավաղել են փորձում մեր անցած ճանապարհը, արյամբ ու քրտինքով ձեռք բերված մեր հաջողությունները, մերժում են մեր խորհրդանիշները։
Անցյալից անտեղյակ մանկուրտի վստահությամբ ոտնատակ են տալիս ամեն ինչ։ Նրանք չգիտեն, որ այս երկիրն ունեցել է անցյալ եւ ունենալու է ապագա: Նրանք չեն աշխատել ու չեն ձգտել։ Կան նրանք հանգամանքների բերումով։
Վաղվա հոգսն իրենցը չէ։ Նրանցը ներկան է միայն, որտեղ իրենք են իրենց անունակությամբ, իրենց անպատասխանատվությամբ ու իրենց հավակնոտ վստահությամբ։
Չկան մշակված ծրագրեր, ու չկա քայլերի հերթականություն: Կա միայն պահի թելադրանք։ Արդյունքում անդառնալի կորուստներ են։ Անգամ պատերազմները, իրար հաջորդող պարտությունները նրանց չեն սթափեցնում։ Չեն ստիպում, որ ընդունեն-հասկանան՝ անկարող են, որ տապալել են ողջը՝ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին ճակատում։
Նրանց կորստաբեր ու կորստառատ ժամանակի ծանրությունը մեր երկիրը երկար է զգալու։
Չգիտենք դեռ, թե ինչ նոր կորուստներ են արձանագրվելու, ինչ նոր փորձանքներ են լինելու։ Դեռ չգիտենք, թե ինչ նոր վերջնագրեր ու պահանջներ են ստանալու ու բավարարել փորձելու։ Բայց հատկապես այսօր, մեր Անկախության օրը պետք է ասվի, որ վախճանաբանությամբ զբաղվելու, թեւաթափ լինելու ու հուսահատվելու կարիքը չկա։
Մեր ժողովուրդը շատ փորձություններով է անցել։ Սա էլ ենք հաղթահարելու։ Չեն լինելու այս անանցյալներն ու այս անապագաները, բայց լինելու է մեր երկիրը։ Ոտքի է կանգնելու ու լինելու է Հայաստանի Հանրապետությունը։ Սա դուրս է կասկածից։
Իսկ այս ժամանակահատվածը մեր պատմության մեջ մնալու է որպես ամոթալի պարտությունների ժամանակահատված։ Ոչ թե այն պատճառով, որ պարտությունն ինքնին ամոթալի է, այլ որ այն մեր մեղքով է։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։