ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից Անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին։ Բլինքենը նշել է, որ 1991 թվականին հռչակելով իր անկախությունը Խոհրդային Միությունից՝ Հայաստանն ընտրեց անկախության ու ինքնորոշման ուղին։ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի սատարել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը եւ անվտանգությանը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների ու տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ ջանքերը։
«Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ շարունակում է հանձնառու լինել կայուն եւ արժանապատիվ խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում, որի ներքո հարգված կլինեն բոլորի իրավունքները։ Հայ ժողովրդին առաջիկա տարում մաղթում եմ բարեկեցություն ու խաղաղություն»,– ասված է ուղերձում։