Իլհամ Ալիեւի երկու օր առաջվա հայտարարությանը, թե բանակցությունները դադարել են, սեպտեմբերի 21-ին հեգնանքով պատասխանում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. «Ինքն իրեն պետք է մեղադրի»։
Նախարարն Ադրբեջանի նախագահին ակնարկում է, որ մտքով հանկարծ պատերազմ սկսել չանցնի․ «Մենք ուժեղ ենք, տոկուն ենք եւ միայն ու միայն հաղթանակներ ենք ունենալու»։
«Կամանդիռը» Եռաբլուրից
Եռաբլուրում պատերազմի վտանգի մասին հարցին պատասխանում է նաեւ Սասուն Միքայելյանը։ «Իրենք ասում են՝ լրիվ մերն է: Մենք պետք է պատաստ լինենք՝ էդ լրիվի դեմն առնել, որ մենք էլ գիտակցենք, որ էդ լրիվը մերն է, իրանցը չի»,-գրաված տարածքների թեման փակում է «կամանդիռը»։
Ներկան նրանց վրայով փոքր է
Նույն օրվա առավոտյան կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունենում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ «Այսօր էլ, ապագայում էլ մեկտեղելու ենք մեր ջանքերը տարածաշրջանում կայունության, խաղաղության երաշխավորի մեր դերակատարումն իրականացնելու, Արցախի եւ Հայաստանի բնականոն եւ թռիչքաձեւ զարգացումն ապահովելու համար»,-Արցախի նախագահին հավատացնում է ՀՀ վարչապետը։
Արայիկ Հարությունյանը երախտագիտությամբ արձագանքում է․ «Համոզված կարող եմ ասել, որ, հայկական աշխարհի՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ապագան երաշխավորված է»։
5 միլիոն մարդու ցրցամ
Կեսօրին ՀՀ վարչապետը ներկայացնում է Հայաստանի առաջիկա 30 տարվա հեռանկարները՝ ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի, յոթնապատկել միջին աշխատավարձը, ունենալ մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակը, աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 15 միլիոնի հասցնել։
Խաղաղության դարաշրջանի գեներալները
Նույն օրը ՀՀ նախագահը միանգամից 4 հոգու շնորհում է գեներալ-լեյտենանտի կոչում։ Նրանցից երկուսը պաշտոնավարում են Ռուսաստանում։ Արմեն Լալայանը ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդն է, իսկ Մհեր Շիրինյանը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության զինված ուժերի ներկայացուցիչը։
Ձայն փակուղուց
Եռաբլուրում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հասկացնում է, որ համաձայն է Իլհամ Ալիեւի հետ․ «Այս պահին բանակցություններ չկան, գործընթացը փակուղում է»։ «Միանշանակ պայթունավտանգ է իրավիճակը»,-պատերազմի հեռանկարի մասին հարցին պատասխանում է Արցախի հերոսը։
«Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի դեմ ագրեսիայի». Ալիեւ
Նույն օրը ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ Իլհամ Ալիեւը հանդես է գալիս հեռավար զեկույցով, որում խաղաղության հասնելու համար առաջ է քաշում նախապայման՝ պահանջելով ՀՀ ԶՈՒ դուրսբերում Ադրբեջանի «բոլոր օկուպացված տարածքներից»: Նա նաեւ հայտարարում է, թե Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի դեմ «նոր ագրեսիայի» եւ ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը կոչ է անում զսպել Հայաստանի «հերթական ագրեսիան»։
Պատերազմն ո՞ւմ շունն է
Իր մտքերը փոքր-ինչ մարգարեական է ձեւակերպում Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։ Նա ասում է․ «Եթե բանակցային սեղանի շուրջ չեն խոսում, ապա կրակում են հրանոթները»։ Դա չի նշանակում, որ պարոն Բալայանը վախենում է պատերազմից․ «Հայկական կողմը պատրաստ է նաեւ պատերազմի»։
Եվ դո՞ւ, Վրաստան
Նույն օրը Грузия Онлайн պորտալը գրում է, որ Իլհամ Ալիեւը շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ երկրի տարածքով դեպի Հայաստան զենքի մատակարարումներ թույլ չտալու համար։ «Վրաստանն իրեն պահել է որպես շատ հուսալի գործընկեր»,-գրել է Իլհամ Ալիեւը՝ նշելով, որ զենքը Հայաստան էր մտնելու Սերբիայից եւ Ռուսաստանից։
Բառեր, բառեր, բառեր
Քիչ անց հայկական կայքերը հրապարակում են Վրաստանի ԱԳՆ շնորհավորանքը Հայաստանի անկախության 29-ամյակի առիթով. «Մեր պատմությունը բարեկամության եւ բարիդրացիական հարեւանության օրինակ է»։
Մենք խաղաղ ենք մեր լեռների պես
Օրվա վերջում Արցախի նախագահը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանն ասում է, թե չի հավատում, որ մոտ օրերին կլինի պատերազմ, սակայն եթե նման բան լինի, ապա մեր պատասխանը լինելու է շատ կոշտ. «Այն երկրները, որոնք պատերազմից վախենում են, կորցնում են ամեն ինչ»։ Ըստ նրա՝ հայ ազգն է մերժում Մադրիդյան սկզբունքները, քանի որ դա միակողմանի զիջում է։