Արցախի պետական նախարար Արթուր Հարությունյանը սեպտեմբերի 21-ին պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակն ու անելիքները: Խորհրդակցության ընթացքում պետնախարարը լսել է կառավարության ոլորտային պատասխանատուներին, տեսակապ հաստատել շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ, որոնք ներկայացրել են առկա խնդիրներն ու հանդես եկել առաջարկներով:
Հարությունյանը հանձնարարել է արագ մշակել եւ իրագործել այնպիսի ծրագրեր, որոնք հնարավորություն կընձեռեն ամբողջացնելու ներքին բոլոր ռեսուրսները։ Անհրաժեշտ կլինի ապահովել բնակչության անվտանգության, շրջաններից տարհանված բնակիչների կացության, սննդի մատակարարման եւ այլ առաջնային հարցեր: Առաջիկայում կլուծվի նաեւ հացի խնդիրը, եւ կներկայացվի տրամադրման կարգը։