Իրավիճակը ծանր է, եւ ԱՄՆ–ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության հանդեպ բռնության դեպքերի վերաբերյալ տեղեկություններից։ Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում այս հայտարարությունն արեց ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։ Նա շեշտել է, որ Ադրբեջանը պատասխանատվություն ունի ապահովելու իր զինված ուժերի գործողությունների ամբողջական համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին: Նա հիշեցրել է, որ մարդասիրական բեռների տեղաշարժի թույլտվությունից մեկ օր անց Ադրբեջանը սկսեց ռազմական գործողությունը։
«Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այս դժվարին պահին հայացքները հառել են մեզ»,– ընդգծել է Լինդա Թոմաս-Գրինֆիլդը: Նրա համոզմամբ՝ ճգնաժամի լուծման հնարավոր է հասնել բռնությանը վերջ դնելու եւ տեւական խաղաղության միջոցով։
Թոմաս–Գրինֆիլդը կարեւոր է համարել միջազգային առաքելության կազմակերպումը: Դա, ըստ նրա, վստահություն կներշնչի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվեն Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համապատասխան։