ԼՂ վերջին իրադարձությունների նկատմամբ տոտալ անտարբերության պայմաններում, այդուամենայնիվ, արտասահմանյան որոշ հեղինակավոր պարբերականներ, ոչ միայն սոսկ անդրադարձան այդ ցավոտ թեմային, այլեւ բավական խոր վերլուծություններ արեցին՝ հընթացս պատռելով ոչ միայն ադրբեջանական իշխանությունների, այլեւ նրանց հովանավոր երկրների ու կառույցների եւ այդ ամբողջ մղձավանջին անտարբեր հետեւող միջազգային հանրության դիմակը:
The Wall Street Journal պարբերականը գրում է, որ արագությունը, որով հայ «անջատողականները» համաձայնել են դադարեցնել զինված պայքարը, ընդգծում է տարածաշրջանում Մոսկվայի թուլացող ազդեցությունը: Դա վկայում է նաեւ տարածաշրջանում ազդեցության ոլորտների փոփոխության մասին, որտեղ ԱՄՆ-ը եւ Թուրքիան ավելի նշանակալի դեր խաղալու հնարավորություններ են փնտրում:
Neue Zuercher Zeitung (Ցյուրիխ, Շվեյցարիա) պարբերականն անդրադարձել է Անդրկովկասում նոր պատերազմի բազմաթիվ պատճառներին։ Անկասկած, մեղավորն ագրեսոր Ադրբեջանն է։ Բայց պատասխանատվությունը դրված է նաեւ մեծ տերությունների վրա, որոնք, չնայած բոլոր նախազգուշացնող նշաններին, Ադրբեջանին կոշտ քաղաքականությամբ սանձելու փոխարեն ապավինել են էժան հռետորաբանությանը։
«Հազիվ թե հաջողվեր առավել ակնառու կերպով պատռել, այսպես կոչված, միջազգային հանրության սնապարծ ինքնագովասանքի դիմակը: Դա տեղի ունեցավ ճիշտ այն պահին, երբ սկսվում էին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քննարկումները, որտեղ ամեն տարի Նյու Յորքում հավատարմության երդում են տալիս համընդհանուր նորմերին եւ միավորող արժեքներին: Ադրբեջանի պետրոկրատիան ցույց տվեց, թե իրականում ինչն է կարեւոր ժամանակակից աշխարհում. զենքի ուժը:
Ադրբեջանն արդեն «հումանիտար միջանցքներ» է սարքել։ Սա էվֆեմիզմ է՝ հայրենիքից վտարելու այն բնակչությանը, որը շրջափակման ժամանակ ինն ամիս սովամահ էր եղել, եւ որի կյանքն այժմ ռմբակոծությունների տակ վերջնականապես վերածվել է դժոխքի»,- գրում է շվեյցարական պարբերականը:
Հեղինակն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայությանը իրենց հայրենիքում պաշտպանվելու միայն երեք տարբերակ կարող էր լինել՝ միջազգային իրավունքի նորմերով նրանց ինքնուրույնության անհապաղ երաշխիք, խոշոր տերությունների աջակցություն կամ վճռական միջազգային միջամտություն Ադրբեջանի կողմից պատերազմի ակնհայտ նախապատրաստման պայմաններում։ «Այդ բոլոր հնարավորությունները բաց են թողնվել»,- եզրափակել է Neue Zuercher Zeitung-ի վերլուծաբանը։