Московский комсомолец-ը զրուցել է ռազմական փորձագետ, ամերիկյան բանակի նախկին սպա Ստանիսլավ Կրապիվնիկի հետ, որը պնդում է, թե ԱՄՆ-ը Ադրբեջանին օգնեց գրավելու Լեռնային Ղարաբաղը:
Ռազմական փորձագետի կարծիքով՝ Հայաստանի կողմից օպերատիվ մակարդակով ռազմական օգնության բացակայության պայմաններում Լեռնային Ղարաբաղն ի սկզբանե դատապարտված էր։
«Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սկզբում Ղարաբաղի պաշտպանությանը մասնակցել է ընդամենը երկու հազար մարտիկ»,- ասել է ռազմական փորձագետը։ Ըստ նրա՝ ղարաբաղցիների դեմ կանգնել է 60 հազար ադրբեջանցի զինվոր։
«Ադրբեջանական բանակը հագեցած է ժամանակակից զինատեսակներով, թուրք մասնագետներ են եղել, որոնք օգնել են ադրբեջանցիներին։ Ամենահետաքրքիրն այն է, որ դեռ 2020 թվականին ադրբեջանական բանակն ուներ ՆԱՏՕ-ի կապի գաղտնագրման համակարգ, որը թուրքերը հանձնեցին նրանց։ Սա ամերիկյան համակարգ է, եւ ամերիկացիները, եթե ցանկանան, իրականում կարող են անջատել այն: Իսկ դա լրջորեն կբարդացներ ադրբեջանական բանակի զորքերի վերահսկողությունն ու տեղաշարժը։ Բայց ամերիկացիները դա չարեցին»,- եզրակացրել է Կրապիվնիկը։