ՀՀ Կառավարության հերթական նիստում գործադիրի որոշմամբ Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում կհիմնվի հումանիտար կայան: Դա պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու, միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելու, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի բացմանն ուղղված իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային լրատվամիջոցների աշխատանքներին աջակցելու անհրաժեշտությամբ։
Հումանիտար կայանը ծառայելու է որպես հարթակ, որի միջոցով իրավապաշտպան կազմակերպություններին եւ համաշխարհային հանրությանը կներկայացվի ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի ամբողջ պատկերը: Այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 15 911 700 դրամ։