2020-ի սեպտեմբերի 22-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը կոնկրետ տեղեկություններ ունի, որ օգոստոսին Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջեւանում իրականացրել են համատեղ լայնածավալ զորավարժություններ, որից հետո «ոչ մի զինվոր եւ ոչ մի զինատեսակ այդ տարածքից դուրս չի հանվել»։
Բառեր, բառեր, բառեր
Նույն օրը Ալիեւի երեք օր առաջ արված հայտարարությունը մեկնաբանելու հերթը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանինն էր։ Նա բառացիորեն ասում է․ «Ալիեւը աչքի է ընկնում ապակառուցողական, հուզական, տեղ-տեղ անպատասխանատու, տեղ-տեղ էլ պարզապես սուտ հայտարարություններով»։
Զուգահեռ աշխարհի հայրենասերը
ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին․ «Եթե որեւէ իշխանություն Արցախի հարցում գնա ոչ հայանպաստ լուծման, մի քանի րոպեից կհեռացվի»։
Տեսնես ո՞ւմ մասին է ասում
Նույն օրը ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակի առիթով հեռավար զեկույց է կարդում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ելույթում Ադրբեջանի հասցեին ոչ մի մեղադրանք չկա։ Բայց կա հետեւյալ նախադասությունը․ «Մեր տարածաշրջանում անխոհեմ ռեւիզիոնիստները փորձում են օգտվել միջազգային կարգի նշմարվող թուլությունից՝ իրական վտանգ ներկայացնելով միջազգային խաղաղության եւ անվտանգության համար»։
Ե՞վ
Արցախի շուրջ ընթացող զարգացումները մտահոգիչ է համարում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը»,- ասում է Արմեն Աշոտյանը։
Լեռը երկնեց…
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակում, որտեղ ցուցադրվում են հայկական արտադրության ականանետների ու ականների փորձարկումները՝ ՀՀ Անկախության 29-ամյակի առիթով։
Փողին մուննաթ
Նույն օրը հայտնի է դառնում, որ անօդաչու թռչող սարքերի եւ հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությամբ զբաղվող իսրայելական առաջատար կորպորացիան՝ Israel Aerospace Industries-ը, 2012-2014 թվականներին առնվազն 155 միլիոն դոլար է փոխանցել օֆշորային երկու ընկերությունների, որոնք ուղղակիորեն ներգրավված են եղել վերջին տարիների ամենաաղմկալի միջազգային ֆինանսական սկանդալներից մեկում՝ այսպես կոչված «Ադրբեջանական լվացքատան» պատմության մեջ։
Լրագրողական հետաքննության տվյալներով՝ Իսրայելից օֆշորային գոտիներ իրականացվող վճարումների շարքը սկիզբ է առել Israel Aerospace Industries-ի եւ Ադրբեջանի կառավարության միջեւ սպառազինության վաճառքի շուրջ պայմանագրի կնքումից կարճ ժամանակ անց՝ պայմանագիր, որի ընդհանուր ֆինանսական ծավալը եղել է 1 միլիարդ 600 միլիոն դոլար։
«Դուզ խոսքը էշին են ասում»
Factor.am կայքը գրում է, որ նախորդ օրվանից «Ադրբեջանի տարբեր շրջաններում ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն առգրավում են քաղաքացիների ավտոմեքենաները՝ զորահավաքի պատրվակով։ Դրանք տեղափոխում են տուգանային հրապարակ»։ Ադրբեջանի ՆԳՆ-ն հաստատում է մեքենաների առգրավման մասին լուրերը։