«Արցախյան էպոպեայի վերջին արարը». նաեւ այսպես կարելի էր վերնագրել «Թարգի՛ր, լաո» փոդքասթի 30-րդ թողարկումը, որի ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են Արցախում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները։ Նրանց կարծիքով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում տեղահանված արցախցիներին պետք չէր հարկադրել վերադառնալ, հատկապես որ ռուս խաղաղապահներն ամուր երաշխիքներ չէին տալիս։ «Մարդկանց ուղարկեցին դե ֆակտո գերության». եզրակացնում են զրուցակիցները։
ԿԱՐՊԻՍ — Էն, ինչ որ ստեղ խոսել ենք, ինչ որ կանխատեսել ենք, ցավոք, եղավ, ու, ինչպես միշտ, մեր քաղաքական վերնախավը շարժվեց տրամաբանությանը հակառակ։ Կարելի ա ասել՝ ոչնչացվեց, կազմաքանդվեց ամեն ինչ։ Գիտե՞ս՝ ինչ տպավորություն եմ ստանում, որ կոնկրետ որոշում կա հերթով պղծել եւ ոչնչացնել մեր տոնացույցի բոլոր տոները։ Մայիսյան տոներն արդեն պղծվել էին, հիմա էլ Անկախության օրը՝ Եվլախում։
ԳՈՌ — Հարձակման օրը, իհարկե, չես կարող հատուկ նենց անել, որ համընկնի 21-ին, որովհետեւ Ալիեւը կարա ընտրի հարձակման օրը, բայց դժվար թե ընտրի, որ էդ ամեն ինչը շուտ կավարտվի։ Այսինքն՝ մի օրում կապիտուլյացիա կլինի, եւ պարտվածները էնքան խիզախություն չեն ունենա, որ իրենք գնան նստեն բանակցությունների սեղանի մոտ կամ, չգիտեմ, կապիտուլյացիայի ստորագրման սեղանի մոտ։
Մենք ո՛չ առաջինն ենք, ո՛չ վերջինը, նույն ճանապարհով անցել են ֆրանսիացիք գերմանացիների մոտ, գերմանացիները՝ ֆրանսիացիների, բոլոր քաղաքակիրթ ազգերը իրենց պատմության ինչ-որ շրջանում նվաստացման փուլերով անցել են։
Բայց նույնիսկ իրենք [Արցախի ղեկավարները] էդքան խիզախություն չունեցան, որ գնան։ Ինչ-որ երրորդական, չորրորդական, հինգերորդական մի կերպար էին ուղարկել, որ գնա՝ ինչ դեմ են տալիս, վերցնի, բերի։
Այսինքն՝ նույնիսկ պաշտոնից բխող պատասխանատվությունը չկար։ Ժամանակին, որ իրենք պաշտոններ ունեին, նախագահ էին կոչվում, նախարարներ կային, լիուլի օգտվում էին պաշտոնից բխող բոլոր կալորիաներից, պաշտոնից բխող առավելություններից լիուլի էին օգտվում, իսկ էն պահին, երբ որ պիտի իրենց պաշտոնը դնեին զոհասեղանին…
Առնվազն փորձ պիտի անեին, ասեին՝ ախպե՛ր, Արցախի պետության դե՞մ եք պատերազմել, ես Արցախի պետության ղեկավարն եմ, ես Արցախի պետության ընտրված նախագահն եմ, ես եմ՝ եկել եմ ձեզ մոտ, դատում եք՝ դատեք։ Նույնիսկ էդ խիզախությունը չունեցան։ Դրանով արցախահայերի տառապանքները չէին ավարտվելու, կամ Ալիեւը քաղցր աչքով էր սկսելու նայել արցախահայերին ու չէր անելու էն ամեն ինչը, որ անում է։
Մենք նույնիսկ դա չտեսանք, եւ դա մարդկային որակների մասին է խոսում, պաշտոնի պատասխանատվության մասին ա խոսում, ինստիտուտների բովանդակազրկության մասին ա խոսում, էլիտաների դավաճանության մասին։
Էլիտաներ, որոնք անունով են էլիտա։ Էլիտաները, որոնք ոչ թե մտածում են իրենց ժողովրդի մասին… Պարտությունն էլ կարելի ա պատվով ընդունել։ Էդ զենքերի հանձնումը, զինաթափումը, էդ ամեն ինչը կարելի ա պատվով անել։
ԿԱՐՊԻՍ — Մենք, ամենայն հավանականությամբ, էսթետիկ պարտվել չգիտենք։ Շատ լավ թեմա բացեցիր, մի փոքրիկ ակնարկ անեմ։ Ես, օրինակ, Հայաստանի իշխանության, Նիկոլ Փաշինյանի վրա ոչ այնքան չարացա, ոչ այնքան պարտության պատճառով, խոսքը 2020-ի նոյեմբերի 9-ի մասին ա։ Նորմալ ա պարտվելը, ստացվում ա՝ բոլոր քաղաքակիրթ երկրներն էլ պարտվում են, պարտվելը դատավճիռ չի։
Պատճառները, եթե մի կողմ դնենք, էն, ինչ որ արեց Փաշինյանը նոյեմբերի 9-ից հետո՝ ազգայնացնել ջարդարար օլիգարխների գույքը, եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, ա՛յ, դա արդեն նողկանք սկսեց առաջացնել։
Ու հասկանալի էր, որ մենք ո՛չ մարդավարի պատերազմել գիտենք, ո՛չ էլ մարդավարի պարտվել, ու սա նաեւ քո ասածի տրամաբանության մեջ լրիվ տեղավորվում ա, որ մարդավարի պարտվել էլ չգիտենք։
Հիմա՝ մինչեւ բուն թեմային անցնելը, ուզում եմ մի փոքրիկ պատմական դրվագ ներկայացնել Կիլիկյան Հայաստանից։ Գիտենք՝ էդ թագավորությունը անկում ա ապրել 1375-ին, բայց մինչեւ կործանվելը 1375-ի դրությամբ ինքը պարփակված էր մենակ Սիս քաղաքով ու շրջակայքով, այսինքն՝ ինչ-որ մի փոքրիկ կղզյակ էր մուսուլմանական իրականությունում։
Պատմագիտական վերլուծությունները ցույց են տալիս, որ ինքն էդ կարգավիճակով՝ կախյալ, հարկատու, ինչու չէ, նաեւ նվաստացած, կարող էր դեռեւս ինչ-որ ժամանակ գոյություն ունենալ, անգամ վերարտադրվել։
Բայց ինչ է անում հայոց վերնախավը էդ ժամանակ, թագավոր ա ընտրում Լեւոն 5-րդ Լուսինյանին։ Դա լեգիտիմ ընտրություն էր, ինքը գահի լեգիտիմ գահաժառանգն էր, բայց Լեւոն 5-րդ թագավորը, նախ, Կիպրոսի խաչակրաց թագավորության արքունիքից էր, էնտեղ սպարապետի պաշտոն էր զբաղեցրել, կապեր ուներ եվրոպական տերությունների, եվրոպական աթոռի հետ, Ֆրանսիայի թագավորի հետ, եւ մուսուլմանական իշխանություններն էս ընտրությունը դիտարկեցին որպես մարտահրավեր։
Այսինքն՝ խաչակրաց հնարավոր արշավանքի սաղմնավորման փորձ ընկալեցին ու արդեն մինչեւ վերջ որոշեցին ոչնչացնել ու կազմաքանդել էն, ինչ որ մնացել էր, էդ թագավորության մնացորդները։ Ի վերջո՝ 1375-ին, Սիսը ընկնում ա, թագավորը գերի ա ընկնում։
Էս օրինակը, ճիշտ ա, միջնադարից ա, բայց շատ նման ա մեր միջավայրում ստեղծված իրավիճակին։ Մենք էլ էինք զգուշացնում, որ Արցախի նախագահի հրաժարականը՝ խոսքը Արայիկ Հարությունյանի մասին ա, հղի ա լուրջ մարտահրավերներով։ Դրան մենք առանձին թողարկում նվիրեցինք, երկար խոսեցինք, որ դա անվտանգային լուրջ խնդիրների կարող ա բերել, դրա հետ զուգընթաց նաեւ լեգիտիմության անկման։
Հիմա, ի՞նչ արեցին։ Նոր նախագահին՝ Սամվել Շահրամանյանին, ես էդքան էլ չեմ մեղադրում, ակնհայտ է, որ նրա ընտրության հետեւում կանգնած են, օրինակ, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Ռուբեն Վարդանյանը։
ԳՈՌ — Իսկ նրանց հետեւում՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
ԿԱՐՊԻՍ — Հա, հիմա տես, ես Ղարաբաղի նախագահներին ուզում եմ մի հատ հարց տամ՝ պարոնա՛յք նախագահներ, доигрались?
Սամվել Շահրամանյանը իրավիճակի զոհ ա, նույնիսկ կարելի ա իրեն հարգանքի տուրք մատուցել, որովհետեւ լիքը մարդիկ չեն համաձայնել, որեւէ մեկը չէր ուզի Արցախի նախագահ դառնալ էս վիճակում, բայց ինքը համաձայնեց։
ԳՈՌ — Կներես, ես համաձայն չեմ, որ ինքը զոհ էր, կամ կարելի է իրեն զոհ կոչել, որովհետեւ ինքը գիտեր՝ ինչի տակ ա ստորագրում։ Ինքը էդ հեղաշրջում կազմակերպողների, ըստ իս, կատարածուն էր ու, որպես պլանի մաս, էդ պաշտոնը վերցրել ա։ Իսկ էս կապիտուլյացիայի պարագայում ինչ-որ ութերորդական մեկին ա ուղարկում [բանակցությունների]։
ԿԱՐՊԻՍ — Լավ, ստեղ մնանք անհամաձայն, ես մի բան էլ ասեմ, ու դու շարունակի։ Բայց ի՞նչ արեց Հայաստանի ընդդիմությունը։ Սկսեցին կեղծ ակնկալիքներ, կեղծ հույսեր ձեւավորել մարդկանց միջավայրում, որ դավաճան Արայիկը գնաց, Նիկոլի կամակատար Արայիկը գնաց, հիմա լավ ա լինելու, պայքարի փուլ ա սկսվելու՝ կեղծ հույսեր, կեղծ ակնկալիքներ առաջացրին ու մոտեցրին իսկապես կատաստրոֆան. այն, ինչ որ եղավ, կատաստրոֆա էր։
Գլխավոր պատասխանատուները երկու նախագահներն են՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, մեկ էլ Ռուբեն Վարդանյանը։ Ա՛յ, իրենք, լինելով քաղաքական համակարգի հնաբնակներ, ծանրքաշայիններ, պիտի հասկանային՝ ինչ են անում։
ԳՈՌ — Դե, Սամվել Շահրամանյանը դե ֆակտո ուղղակի կատարածու էր, որը էդ պահին խիզախություն չի ունեցել՝ մերժի Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, չգիտեմ, էդ ութի դաշինքին՝ պայմանական ասած։ Ու ինքն էլ ա թաթախվել էդ ամբողջ պրոցեսի մեջ։ Թղթով վերցրել ա պատասխանատվությունը, բայց դե ֆակտո մենք իրենից ոչ մի պատասխանատվություն չենք տեսել։
Էս պատերազմը շատ հանգիստ կարելի էր կանխել։ Ալիեւը նույն պահանջները դնում էր նաեւ Արայիկ Հարությունյանի առաջ։ Բայց Հարությունյանը լինի, թե Շահրամանյանը կամ դաշնակցական Դավիթ Իշխանյանը, նույն ծեծված, չարչրկված բանից էին խոսում՝ Արցախի ինքնորոշումից, բառապաշարը նույնն էր։ Բայց չէին բարձրաձայնում, որ իրենք դե ֆակտո ռոտացիա են արել։