Սեպտեմբերի 19-ին ինչքան որ սպասված, այնքան էլ անսպասելի լուրը կրկին ցնցեց հայ հանրությանը։
Արցախի պաշտպանության բանակը հաղորդեց, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության շփման գծի ամբողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր:
Կրկին սկսվեցին ինտենսիվ մարտական գործողություններ, բացվեցին ապաստարանների դռներ… վիրավոր ու կորած երեխաներ, համատարած քաոս։ «Ռազմական օբյեկտների ոչնչացման» պատրվակով Ադրբեջանը հրետակոծության ենթարկեց քաղաքացիական բնակավայրեր, Ստեփանակերտը, այլ քաղաքներ ու գյուղեր: Արցախը հայտարարեց առնվազն 200 զոհի ու 400 վիրավորի մասին, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ:
Կրակի դադարեցմանն ու խաղաղության պայմանագրին սպասում են բոլորը, բայց ինչ է տալու այդ պայմանագիրը, ոչ ոք չգիտի:
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը կարծում է, որ խաղաղության պայմանագիրը չի լուծում գրեթե ոչ մի խնդիր: Ըստ նրա՝ նման պայմանագրերը հապճեպ չեն կազմվում: Ադրբեջանի շտապողականությունն այս հարցում Հայաստանից ինչ-որ բան կորզելու ցանկությունն է արտահայտում:
«Ուզում են Հայաստանից ճնշելով քամել առավելագույնը, քանի պարտված, ընկճված ու թուլացած ենք: Սա կլինի զուտ մի թուղթ, որն իրական գործողության չի հանգեցնի,- ասում է միջազգայնագետը եւ հավելում,- հանգիստ նստել եւ ասել, որ այդ պայմանագրով մենք ապահովագրվում ենք հարձակումներից եւ նոր ոտնձգություններից, առնվազն անհեթեթություն է»:
Պատմաբան Արտակ Հովհաննիսյանը խաղաղության պայմանագրի իրատեսական լինելը չի կապում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի որոշումների հետ: Վստահ է՝ այստեղ խոշոր խաղացողներն են որոշում ամեն ինչ:
«Չզարմանաք, բայց շատ լավ կլիներ, եթե, իրո՛ք, բանակցեին Հայաստանն ու Ադրբեջանը, դա ավելի արդյունավետ եւ կողմերի իրական ցանկություններն արտահայտող փաստաթուղթ կլիներ: Ո՛չ պատերազմ սկսելը, ո՛չ ավարտելը, ո՛չ պայմանագիր կնքել-չկնքելը Ադրբեջանը չի որոշում,- վստահեցնում է պատմաբանը,- թե ո՛վ է որոշում, դա չէ խնդիրը, մեզ պետք է հուզի այն, որ մե՛նք չենք որոշում»:
Հովհաննսիյանն այստեղ հատուկ շեշտադրում է հայամետ կառավարություն ունենալու կարեւորությունը։ Նա հույս ունի, որ այդ դեպքում գուցե մի բան փոխվի: «Եթե չփոխվի էլ, գոնե դա կարող է հարգանք ներշնչել պետության հանդեպ, ավելի լավ է երկրի ներսը նայող ղեկավարի հետ գործ ունենան, քան սրա-նրա խամաճիկ դրածոյի հետ»:
Էթնոաշխարհագրագետ Արտաշես Բոյաջյանի կարծիքով՝ Հայաստանին պետք են իշխանություններ, որոնք լինեն ո՛չ ռուսամետ, ո՛չ արեւմտամետ, ո՛չ էլ թուրքամետ: Գալով այսօրվա իշխանությունների վարքագծին՝ ասում է՝ կարեւոր չէ, դու ինչ ես հայտարարում, կարեւորն այն է, թե ինչ քայլերի ես դիմում: Ըստ նրա՝ ՀՀ Կառավարությունը քաղաքական վեկտորն ուղղում է դեպի Արեւմուտք, Ռուսաստանն էլ, դա տեսնելով, կոշտ է արձագանքում: Բոյաջյանը չի բացառում, որ Արցախում վերջին մի քանի օրվա կատարվածն էլ գուցե դրա արդյունքն է:
«Այս քայլով Ռուսաստանն ուղերձ է հղում, որ չհամարձակվենք նայել դեպի Արեւմուտք, այլապես նման կորուստներ կունենանք: Մեզ մնում է հասկանալ, թե որն է կարեւոր՝ գնալ դեպի Արեւմուտք, թե ունենալ այն, ինչ ունենք: Պուտինը մի առիթով ասել է՝ Խորհրդային Միության փլուզումը աշխարհաքաղաքական կատաստրոֆա է, նույն մտահոգությունն էլ հիմա ունի. Հայաստանի, Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալն իրենց համար կլինի աշխարհաքաղաքական վերադասավորություն՝ ի վնաս իրենց»:
Բոլորն են համակարծիք, որ ՀՀ-ի քաղաքական վեկտոր փոխելու ցանկությունը Ռուսաստանին լուրջ մտահոգում է: Մեղադրանքների ենք արժանանում ամենաբարձր մակարդակով: Այստեղից էլ բխում է մի մեծ խնդիր. Ռուսաստանից հնչող մեղադրանքները պառակտում են մեր հասարակությանը՝ իրար դեմ լարելով ռուսամետ եւ արեւմտամետ հատվածներին: Հետեւաբար այս ամենի լուծումը տեսնում են միայն հայամետության դիրքերն ամրացնելու եւ միայն հայամետ իշխանություն ունենալու մեջ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։