Այսօր Երեւանի տարբեր փողոցներում երթեւեկությունը կաթվածահար էր․ բողոքի ակցիայի մասնակիցները Կառավարությունից պահանջում էին համապատասխան քայլեր ձեռնարկել, փրկել արցախահայությանը՝ նրանց Հայաստան տեղափոխումը կազմակերպելով։ Պահանջում էին` իշխանությունը պետք է հեռանա, նրա օրոք մեր երկիրը պատերազմ, պարտություն է տեսել, զոհեր ունեցել ու հայրենիք կորցրել:
Աբովյան փողոցում բողոքի ակցիայի մասնակիցների թվում արցախցի ուսանողներ կային։ Մարատ Ղահրամանյանը պատմեց՝ ծնողներն ու հարազատները հիմա Արցախում են։ Նա Երեւան է տեղափոխվել ֆրանսիական համալսարանում սովորելու։ Արդեն երկրորդ կուրսի ուսանող է։
Մարատն ամեն օր մասնակցում է բողոքի գործողություններին՝ հուսալով, որ Հայաստանի իշխանությունները միջոցներ կձեռնարկեն բնակիչներին տարհանելու համար։ Արցախում ցեղասպանություն է կատարվում, իսկ Հայաստանի իշխանությունը ձեռքերը լվացել է, միայնակ է թողել Արցախին ու արցախահայերին։ Այս պահին կարեւորը արցախահայությանը տարհանելն է ու հայրենիքը պահպանելը, մինչդեռ իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ։
«Մեր ընտանիքներն Արցախում սարսափելի վիճակում են, այնտեղ նրանց կյանքը վտանգված է, բազմաթիվ զոհեր ու վիրավորներ կան։ Մարդիկ գոյաբանական սպառնալիքի առջեւ են կանգնած, ադրբեջանցիները ոճրագործություններ են իրականացնում Արցախում, ինչպե՞ս, ի՞նչ տրամաբանությամբ են խոսում ինտեգրման, ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրելու մասին: Արցախցիներին պետք է տարհանեն այնտեղից»,- ասում էր Մարատը։