Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ակտիվորեն իրականացվող ադրբեջանական տեղեկատվական տեռորի վերաբերյալ սահմռկեցուցիչ հաղորդումներ է ստանում:
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները լցված են Արցախում անհետ կորածներին գտնելու դեպքում մարդկանց բռնաբարելու, խոշտանգելու եւ սպանելու սպառնալիքներով: Անհետ կորածների՝ առանց դրա էլ հոգեբանական խոցելի վիճակում գտնվող հարազատներից շատերը բողոքում են, որ Ադրբեջանը զանգերով ու տեքստային հաղորդագրություններով ահաբեկում է իրենց:
«Սա հայատյացության եւ էթնիկ ատելության եւս մեկ դրսեւորում է, որը միայն ապացուցում է, որ քաղաքացիական բնակչությունը անվտանգության որեւէ երաշխիք չի ունենա, եթե այն հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը»,- X-ի (նախկին Թվիթեր) իր գրառման մեջ նշել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: