Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո Թուրքիայի 123 իրավապաշտպաններ կոչով դիմել են միջազգային կազմակերպություններին՝ մտահոգություն հայտնելով, որ Լեռնային Ղարաբաղում «կա էթնիկ զտումների եւ ցեղասպանության ակնհայտ վտանգ»։
«Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին եւ միջազգային հանրությանը ակտիվ դիրքորոշում ցուցաբերել: Մարդասիրական օգնությունը եւ օդային փոխադրումները պետք է անհապաղ սկսվեն, տարածաշրջանում արգելափակված խաղաղ բնակիչներին պետք է տարհանել անվտանգ վայրեր։ Ազատ ապրելու պայմանները, որոնցից օգտվում է յուրաքանչյուր երկրի քաղաքացի, պետք է երաշխավորված լինեն նաեւ ղարաբաղցիների համար»,- ասված է կոչում։
Կոչը ստորագրած իրավապաշտպանները միջազգային կառույցներին խորհուրդ են տալիս գործել արագ. «Կանխել ցեղասպանությունները չի նշանակում սպասել դրանց կատարմանը, հետո միջամտել։ Դա նշանակում է ակտիվորեն փորձել կանխել ցեղասպանությունը»։