Ադրբեջանը ստիպված էր Ղարաբաղում հակաահաբեկչական միջոցառումներ անցկացնել՝ չունենալով խնդրի լուծման այլ տարբերակ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Նա ընդգծել է՝ խնդրի լուծման այլ տարբերակ, քան իրականացնել հակաահաբեկչական գործողություն, Բաքուն չուներ, եւ որ 2020 թվականի զինադադարի ստորագրումից հետո Հայաստանը մի շարք պարտավորություններ չի կատարել։
«Ադրբեջանը երկար ժամանակ համբերատար սպասում էր, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի բացմանը, ինչպես նաեւ Ղարաբաղում, որտեղ հայեր են բնակվում, Ադրբեջանի գերիշխանության հաստատմանը: Քանի որ այս կետերը չիրագործվեցին, մեր ադրբեջանցի եղբայրներն իրավացիորեն ստիպված եղան անհրաժեշտ քայլեր ձեռնարկել»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը: