2020-ի սեպտեմբերի 24-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ 2020 թվականի մայիսին Ռուսաստանում լույս է տեսել «Ռուսաստանի դաշնակիցները» աշխատությունը:
«Այդտեղ Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում»,- վարչապետին լրացնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Վարչապետը կարծես ոգեւորված շարունակում է. «Առաջիկայում սպասվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երեւանում, նաեւ Իրանի հետ շատ ինտենսիվ հարաբերություններ ունենք: Վրաստանի հետ մեր հարաբերություններն ավանդաբար ջերմ են»:
Ահաբեկիչները տեղում են
Նույն օրը ռուսական «Մոսկովսկի Կոմսոմոլեց» պարբերականը մի հոդված է հրապարակում, որում վկայակոչելով այլ ԶԼՄ-ների՝ ասում է, թե Թուրքիան Սիրիայից իսլամիստների է հավաքագրում Լեռնային Ղարաբաղում առաջիկա պատերազմին մասնակցելու համար:
Թվիթերյան իր էջում էլ Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ֆարես Շեհաբին գրում է, որ հակամարտության գոտում մեկ ամսվա ծառայության դիմաց սիրիացի զինյալներին Թուրքիան առաջարկում է 2000 դոլար։ Ըստ Շեհաբիի՝ Թուրքիան առաջին անգամ չէ, որ օգտագործում է ահաբեկիչներին հիբրիդային ռազմական հակամարտություններում:
Ղարաբաղում ցնծում են
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոշտ արձագանքից հետո ադրբեջանական մամուլը շատ արագ խմբագրել է երեկ տարածած ապատեղեկատվությունը, որով խեղաթյուրել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը, թե իբր, Մեջլիսի խոսնակի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, վերջինս խոսել էր ինչ-որ տարածքներ վերադարձնելու և հակահայ այլ թեմաների մասին:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Մեր վայ հարեւանի՝ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելու տարիների գործելաոճի այս դրսեւորումը խայտառակ ավարտ ունեցավ»:
Ամեն ինչ նորմա՞լ է գերեզմանատանը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելում է Ստեփանակերտի գերեզմանատան տարածք: Երկրի ղեկավարը հանձնարարել է ընթացիկ տարում ասֆալտապատել գերեզմանատան հիմնական ճանապարհը, ինչպես նաեւ նոր գերեզմանատան համար տարածք նախագծել։
Այդտեղ պետական միջոցներով նախապես հողային աշխատանքներ կիրականացվեն, որպեսզի հանգուցյալների հուղարկավորման համար նրանց հարազատներին տրամադրվեն հարթեցված տարածքներ:
Հանրապետության նախագահը նշել է նաեւ, որ ժամանակն է Հայ Առաքելական եկեղեցու հետ քննարկել եւ օրենքի ուժով կարգավորել կոնկրետ չափորոշիչների համապատասխանող տապանաքարերի տեղադրման հարցը:
Ուշացած «հնարավորինս շուտ»
ԱՄՆ Պետքարտուղարությունը ԼՂ հակամարտության կողմերին շարունակում է կոչ անել «հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները ՄԽ համանախագահների հովանու ներքո»:
Պաշտպանը
Նույն օրը ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը հեռավար ելույթ է ունենում ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման եւ պաշտպանության պատասխանատվության գրասենյակի կազմակերպած Պաշտպանելու պատասխանատվության վերաբերյալ 12-րդ նախարարական հանդիպմանը, որտեղ ասում է. «Որեւէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո: Այս առումով պաշտպանելու պատասխանատվությունը շատ կարեւոր է, քանի որ այն հիշեցնում է, որ ինքնիշխանությունը ոչ թե անպատժելիության արտոնությունն է, այլ պատասխանատվություն»: