Մայիսի 30-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն Ազգային ժողովում կարծիք հայտնեց, թե Հայաստանում բենզինի վաճառքի գներն ավելի ցածր են, քան պետք է լինեն։ «Մենք, իհարկե, գիտենք, որ բենզինի գինը բարձրացել է, բայց այստեղ այլ խնդիր ենք տեսնում։ Կարծում ենք, որ Հայաստանում բենզինի վաճառքի գներն ավելի ցածր են, քան պետք է լինեն։ Ավելին ասեմ, այս գինը տնտեսապես կասկածներ է հարուցում»,- հայտարարել էր հանձնաժողովի նախագահը։
Նրա այս հայտարարությունից կարճ ժամանակ անց Հայաստանում բենզինի գները սկսեցին աստիճանաբար բարձրանալ եւ 400-ից դարձան 510-520 դրամ։ Թե ինչ էր թաքնված նրա այդ հայտարարության մեջ, ՏՄՊՊՀ-ն մինչ օրս չի բացահայտել, բայց մեկ ամիս առաջ ուսումնասիրություն է սկսել շուկայի չորս հիմնական մասնակիցների ներմուծման եւ վաճառքի գների համապատասխանության ստուգման նպատակով։ Ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել, բայց բենզինը շարունակում է թանկ մնալ։
Ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Մնացականյանն ուսումնասիրել էր ԵԱՏՄ 5 երկրների շուկան ու պարզել, որ Հայաստանում բենզինի գինն անհամեմատ բարձր է։ Ռեգուլյար տեսակը Ռուսաստանում շուրջ 200 դրամ է, Բելառուսում՝ 259, Ղազախստանում՝ 162, Ղրղզստանում՝ 250։ Այսինքն՝ Հայաստանում բենզինը կրկնակի թանկ է, քան Բելառուսում ու Ղրղզստանում է, եւ 2,5 անգամ թանկ, քան ՌԴ-ում է։
Մեր երկիրը բենզինի շուրջ 75 տոկոսը ներկրում է Ռուսաստանից, որտեղ այսօրվա մեծածախ գինը մոտ 50 ռուբլի՝ 200 դրամ է։ «Դրան ավելացնենք բեռնափոխադրման ծախսը, որն առավելագույնը թող 40 դրամ լինի, 20 տոկոս ավելացրած արժեքի հարկն է, 20 տոկոս էլ հաշվենք ներկրողների շահույթը, թեեւ երբեք այդքան չի եղել։ Եվ բենզինի առավելագույն գինը թող 400 դրամ լինի, ոչ թե 510-520 դրամ։ Հայաստանում երբեւէ այսքան բարձր գնով բենզին չի եղել»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց Հարություն Մնացականյանը։
Անցած շաբաթ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարեց, որ ՌԴ-ում են բենզինի գները բարձրացել, այդ պատճառով էլ մեր երկրում այն թանկացել է։ Մնացականյանը համաձայն չէ ԿԲ նախագահի հետ եւ ասում է, թող ՏՄՊՊՀ-ն ստուգի եւ հստակ բացատրություն տա, թե ինչու է այդքան շատ թանկացել։ «Սա անհասկանալի բարձր գին է։ ԵԱՏՄ մյուս բոլոր երկրներում տեսեք՝ ինչ ցածր է։ Չի կարող նույն օրենքով ու նույն մաքսային դրույքաչափերով աշխատող երկրներում գնի նման տարբերություն լինել»,- հավելում է նա։
Բենզինի թանկացումը հետեւեց ոչ միայն Գեղամ Գեւորգյանի հայտարարությանը, այլեւ համընկավ Հայաստանի վառելիքային շուկա բրիտանա-հոլանդական Shell ընկերության մուտքի հետ։ Հունիսի վերջին Shell-ի բենզալցակայանի բացման հենց առաջին օրը վարորդները հայտնաբերեցին, որ նա բենզինը մյուսներից շատ ավելի թանկ է վաճառում։
«Հայաստանում նման քաղաքականություն հավանաբար «Ռեդբուլն» է վարել, որն էներգետիկ ըմպելիքների շուկայում չուներ մրցակիցներ։ Հենց մրցակիցներ մտան, բարձրացրեց։ Պարզապես մեզ մոտ Shell-ը մտավ շուկա, թանկ էր, մյուսներն էլ մտածեցին՝ ինչու իրենք էլ թանկ չվաճառեն, ու սկսեցին բարձրացնել։ Մենք էլ հույս ունեինք, որ կէժանանա, բայց հակառակը եղավ։ Ինձ թվում է՝ ներկրողները գերշահույթ են հետապնդում, ուղղակի իրար մեջ պայմանավորվել եւ գինը բարձրացրել են»,- եզրափակում է Մնացականյանը։
Իսկ նախքան Shell-ը երկար տարիներ Հայաստանի բենզինի շուկայում տիրապետող են եղել երեք խոշոր ընկերություններ՝ նախկին իշխանությունների մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշը», «Ռան օյլը», որը մամուլի հրապարակումների համաձայն դարձել է գործող իշխանության ներկայացուցիչ Խաչատուր Սուքիասյանի սեփականությունը, եւ CPS-ը։ Ի դեպ, նույն մամուլի հրապարակումների համաձայն, Shell-ի հետեւում կանգնած է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ Հայաստանում բենզինի թանկացման վրա մի քանի գործոն է ազդել։ Իրականում ՌԴ-ի բորսայում բենզինի գինը որոշակիորեն բարձրացել է, համաշխարհային շուկայում դիզելի մեծ պահանջարկ կա։ Եվ երրորդը՝ մեր ներքին շուկայում ի հայտ է եկել նոր տնտեսվարող։
Բայց գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունները կարող են միասնական գնային քաղաքականություն վարել։ Բենզինի շուկայի 90 տոկոսը պատկանում է նույն «Ֆլեշին», «Ռան օյլին» եւ CPS-ին։ Այսինքն՝ մեր ներքին շուկայում մրցակցության խնդիր ունենք, որին պետք է հետեւի հենց Գեղամ Գրիգորյանի ղեկավարած հանձնաժողովը։ Բայց փորձը ցույց է տալիս, որ այս հանձնաժողովը մինչեւ ինչ-որ բան է ուսումնասիրում, խախտում հայտնաբերում, դրանից հետո էլ փորձում խախտող ընկերություններին մրցակցային դաշտ բերել, նրանք արդեն գների բարձրացումից գերշահույթ ստացած են լինում։
Սուրեն Պարսյանը, սակայն, հույս ունի, որ առանց ՏՄՊՊՀ-ի ազդեցության էլ առաջիկայում Հայաստանում բենզինը կարող է էժանանալ։ «Երեկ Ռուսաստանը որոշել է սահմանափակել բենզինի արտահանումը, իհարկե եթե այդ երկրների հետ չունի միջպետական համաձայնագրեր։ Դրա արդյունքում երեկ Ռուսաստանի բորսայում 4-5 տոկոսով ընկավ գինը։ Կարող ենք ակնկալել, որ կիջնի։ Բայց քանի որ մեզ մոտ գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ կան, այդ ազդեցությունը բավականին դանդաղ կերեւա»,- ասում է տնտեսագետը։
Ամեն դեպքում հարցը, թե արդյոք Գեղամ Գրիգորյանի հայտարարությունը կամ Shell-ի մուտքն իրենց դերն ունեն բենզինի թանկացման մեջ, մնում է առկախ։ Եվ դա միգուցե ոչ թե տնտեսագիտական, այլ քաղաքական հարց է։ Ամեն դեպքում ՏՄՊՊՀ-ն պետք է պատասխանի, թե ՌԴ-ից 200 դրամանոց բենզինն ինչպես է Հայաստան հասնելուց հետո դառնում 510-520 դրամ։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։