«Իմ թանկ ընկերների պես զոհված լինեի, էս ամեն ինչը չտեսնեի»․ այս օրերին Արցախում ծավալվող ողբերգական իրադարձությունների, սեփական ապրումների, մտորումների եւ անելիքի մասին զրույցն այսպես սկսեց 66-ամյա Ռաֆիկ Ղազինյանը։
Արցախյան շարժման ակունքներում կանգնած, Արցախյան պատերազմների մասնակից ազատամարտիկ Ղազինյանին Ալավերդու տարածաշրջանում բոլորն են ճանաչում որպես բժշկի, պատգամավորի, ապա՝ զագսի երկարամյա վարիչի ու մասնագետի։
Նրա հետ հանդիպումը ՀՅԴ Ալավերդու գրասենյակում էր, որտեղ վերջին օրերին ավելի հաճախ է լինում․ ինտերնետ կապն այստեղ արագ է, Արցախում ու Երեւանում ծավալվող իրադարձությունները փորձում է բաց չթողնել։
Լացում եմ, բայց տղաները չեն հանձնվելու
Քանի օր է՝ վախով զանգում եմ այս կամ այն մարտական ընկերոջս Արցախում, ձայնը լսելուն պես լացում եմ․ փխրուն եմ դարձել։ Ասում եմ՝ կարեւորը ողջ ես։ Անուններ եմ հարցնում, ուրախանում, որ գոնե էն մարտական մասը, որոնց վրա հույս եմ դնում, ողջ են։
Ասում են՝ մոտ 30 հազար մարդու ազգանուն է տրվել, որ պիտի հանձնվեն Ղարաբաղում։ Տղաները չեն հանձնվելու։ Նրանք կզոհվեն, բայց գերի չեն ընկնի՝ գնան Բաքվի բերդերում փտեն։ Էդ ա իրանց մոտեցումը։ Բոլորը պատրաստ են մինչեւ վերջին շունչը կռվելու, ոգին տեղն ա։ Ասում են՝ հորս, զոհված ախպորս գերեզմանն ում թողնեմ։ Ավելի լավ ա զոհվենք, քան դուրս գանք մեր գյուղերից։ Էս պահին իբր թե դադար ա, հրադադար ա, չգիտեմ, թե ինչ ա։
Որեւէ գերտերություն, դա լինի Ռուսաստան, չգիտեմ ինչաստան, չեն կարող կանխորոշել մեր տղաների ճակատագիրը։ Պարզապես ես ափսոսում եմ, որ մենք այս պահին չենք կարողանում այնտեղ լինել։ Նրանք չեն հանձնվելու։ Արցախի հարցը չի լուծվելու հօգուտ Ադրբեջանի, որքան էլ ոչ հայ, բայց հայկական ազգանունով գրվողներն ուրանան։ Լուծվելու է հօգուտ հայ ժողովրդի։
Սրանից օրհասական պահ չի եղել
Ամեն սեպտեմբերի 21-ին Գերագույն խորհրդի պատգամավորներով գնում ենք Երեւան։ Երկու օր առաջ քայլում էի Սարյան փողոցում։ Կերուխում, երկար սիգարետներ, գինու բաժակներ․․․ նրանց համար կարծես թե Հայաստանում ողբերգություն չկա, Ստեփանակերտում կամ Արցախի անտառներում, գյուղերում մորթվողը կարծես թե մեր էրեխեքը չեն։ Կարծես իրենք կապ չունեն։
Սրանից օրհասական պահ չի եղել։ 1915 թիվը էս կերպ ա էղել, երբ որ հարեւան գյուղացու պետքը չի էղել, որ էն մյուս գյուղում կոտորած ա։ Էսօր 15 թիվ ա։ Եվ ի՞նչ տարբերություն՝ Ալավերդիում ա զոհվում, թե Ստեփանակերտում։ Ամեն մարդ թող մի պահ պատկերացնի, որ իր երեխան ա զոհվում, իրա թոռը, իրա ախպերը, իրա ամուսինը։ Էս զոմբիացած վիճակից պետք ա դուրս գալ։
Հայաստանն ավերվեց էն ժամանակ, երբ մեր հեռուստաընկերությունները սկսեցին դրսի մեծ փողերով ստեղծած սերիալներով թմրեցնել մեր ժողովրդին, երեխաներին էլ։ Հետո կրոնական աղանդներն ու քաղաքական աղբը լցվեցին երկիր։ Հազար ու մի ծառայություն կա Հայաստանում, մեր թշնամի բոլոր երկրների լրտեսական ծառայություններն են վխտում. մեկը՝ կուսակցության, մյուսը՝ հասարակական կազմակերպության տեսքով։
Մեր ողբերգությունը
1990-ականներից սկսած մինչեւ 2000-ականներ մեր մտավորականությունը դուրս եկավ։ Կիրթ մարդը ծնվում է կիրթ ընտանիքում։ Եվ եթե մի դասարանում երեսուն երեխայից տասը մեծանան կիրթ ընտանիքում, արդեն կդաստիարակվի տասը մարդ՝ հայ մարդ։ Մարդիկ կան, որոնց նայում ես, ասում ես՝ սա՞ է իմ ազգը։ Սա թիվ է, բայց նա է որոշում իմ ազգի ճակատագիրը, իմ թոռների ճակատագիրը։
Էս պահին ինձ ո՛չ իշխանությունն ա հետաքրքրում, ո՛չ ինչ-որ մեկը։ Իշխանությունը, աթոռը ժամանակավոր բաներ են, կարեւորը ոգին ա։ Չեմ ուզում քաղաքական ելույթ ունենալ, բայց ում այսօր պաշտպանում եք, վաղը հայհոյելու եք։ Էս խաբված, զոմբիացած խալխը ինքն է հայհոյելու։ 1990-ականներից մինչեւ այսօր ես բոլոր շարժերը տեսել եմ, ժողովրդի մտածելակերպի փոփոխության մասին է խոսքը։ Այսօր էլ դա լինելու է։ Ես վստահ եմ՝ շատ արագ խելքի ա գալու մեր ժողովուրդը, ինքնակազմակերպվելու ա։
Խնդրում եմ տղամարդ լինել
Սովորական բժիշկ էի: 1988-ին շարժումը սկսվեց: Էնպես եղավ, որ մեր Ալավերդու շարժման ղեկավարը ես դարձա։ Գիտեի, որ առանց արյան հող չեն պահում, դրա համար առաջիններից էինք, որ մարտական ջոկատներ ձեւավորեցինք։ Պատճառներից մեկը նաեւ Նոյեմբերյանի անպաշտպան վիճակն էր։ Նոյեմբերյանի պոստերը, դիրքերը դրել են մեր ալավերդցիներն, ու մերոնք են պահել։ Իջեւանի Ծաղկավան գյուղն ենք պահել, Աճարկուտ գյուղի մատույցներում ենք պոստեր դրել։
1989-ի սեպտեմբերի 4-ին եղել ենք Ղազանչի գյուղում, հետո՝ Գետաշեն, Շահումյան․ հիմնական մարտերն էդտեղ էին։ Գերագույն խորհրդի պատգամավոր էի հինգ տարի, որից մեկ տարի յոթ ամիսը մարտի դաշտում եմ եղել։ 2016-ին նորից մեր ջոկատով եղել ենք Թալիշի բարձունքներում, 2020-ին՝ Արցախի տարբեր հատվածներում, իսկ ամենավերջում՝ հայտնի «Դժոխքի ձոր»-ում։ Ցավալիորեն, անցած տարի այս օրերին էլ Գեղարքունիքում՝ Սոթքում էինք։
Ես պարզապես մի բան եմ խնդրում՝ ամուր, տոկուն լինել, տղամարդ լինել, կամք ունենալ։ Էսօր Արցախի որեւէ հատվածում կռվելով՝ ես պաշտպանում եմ իմ թռոներին Ալավերդիում։ Կա հայկական հող։ Էս գիտակցությունն ա պետք ունենալ։ Որեւէ մեկը թող իրեն ապահով չզգա, եւ չթվա, թե դա ղարաբաղցու խնդիրն ա։ Թուրքի ժանիքներն արնոտ են եղել միշտ, նա կանգ չի առնելու, գալու ա նոր տարածքների։ Էրդողանն ամեն օր շեշտում ա՝ մենք պետք ա ազատագրենք նաեւ Զանգեզուրի միջանցքը։ Վաղը նրանք դեպի Սյունիք են գալու։
Արցախի կռիվը նոր է սկսվում
Ասում են՝ զենք չկա։ Այո՛, Արցախում չկա։ Հայաստանում կա ե՛ւ զենք, ե՛ւ կռվող տեսակ։ Արցախն ապացուցեց, որ մենք կռվող տեսակ ենք։ Ի դեպ, ով չի էկել, թող հիմա էլ չգա։ Մեր հին կռված տղաներին, 44-օրյայի կռվածներին, որ հանդիպում, խելագարվում եմ․ դեռ քսանը չբոլորած՝ մեջները հայի հզոր տեսակն է խոսում, որ պատրաստ է մենակ 100 թուրքի դեմ գնալու։
Ցանկացած ժողովրդի մեջ էլ ազգի 5 տոկոսն ա դուրս էկել։ Մեր ազգի էն մաքուր հինգ տոկոսը բավարար ա։ Դիմում եմ ամբողջ հայությանը՝ պետք չի, որ միտինգներ, ցույցեր անեք լոսանջելեսներում կամ եվրոպաներում։ Կոչ եմ անում բոլորին՝ զենք վերցնելու, ով իրան հայ ա զգում։ Եկե՛ք Երեւան։ Եկե՛ք միասին պաշտպանենք Արցախը։ Արցախի կռիվը չի ավարտվել, Արցախի կռիվը նոր է սկսվում։ Եթե ծայրահեղ քանակ էղավ, որեւէ մեկը չի կարող մեր առջեւ կանգնել:
Իհարկե, հնարավոր ա միջանցքը բացել։ Արի100 հոգով գնանք, թող կրակեն։ Ռիսկ չի անի թուրքը կրակի, որովհետեւ միջազգային հանրությունը հերը կանիծի։
Սահմանը գծում է զինվորը
Մենք՝ կռվողներս, առանձնապես մեծ տարածք չենք տվել։ Մեծ տարածքը տրվեց նոյեմբերի 9-ի պայմանագրով, որով էլ մենք պարտվել ենք։ Բայց այդ փաստաթուղթը կեղծ է, քանի որ մեր խորհրդարանը չի վավերացրել այն․ մենք պառլամենտական պետություն ենք։ Գործադիր մարմնի ղեկավարն իրավունք չունի նման բան ստորագրելու։
Լեռնային Ղարաբաղի տարածքը ԼՂՀ սահմանադրությամբ հաստատված է, որը ճանաչել է միջազգային հանրությունը։ Եթե ոչ, ապա Ամերիկան, Ռուսաստանը, Ֆրանսիան ինչու էին համանախագահներին ուղարկում Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ։ Գնում էին բանակցելու ԼՂ նախագահի, արտգործնախարարի հետ, ԵԱՀԿ-ում ելույթ էր ունենում ԼՂ արտգործնախարարը։
Հողը ստորագրությամբ, պայմանագրերով չի տրվում։ Հողը պահվում է զենքով։ Մի ժամանակ մեր զորամասերում փակցված էր՝ Հայաստանի սահմանը գծում է հայ զինվորը։ Հիմա ասում են՝ անօդաչու։ Նախ՝ դրա դեմ պայքարի հազար միջոց կա, որ ավելի էժան է, քան անօդաչուն ա։ Պետք է շատ լավ հրամանատարական, սպայական կազմ, որը ունենք, 90-ականների բովով անցած, Մոսկվայի, Լենինգրադի զինվորական ակադեմիաներն ավարտած շատ ընտիր սպաներ ունենք։ Նաեւ էնպիսի սպաներ, որոնք թրծվեցին 2016, 2020 թվականների պատերազմներում։
«Էստեղացի, էնտեղացի»-ն հատուկ գործողություն է
Թումանյանի տարածաշրջանից սկսած մինչեւ Շամշադին, Իջեւան, Դիլիջան ղարաբաղցի ասելով պիտի հիշեն, որ իրանց պապի պապը ընդամենը 100 տարի առաջ ա էկել էս տարածք։ Օձունի Հովասափյանները էկել են Գյուլիստանից, Դավթյանները, Դավիթավյանները էկել են Գետաշենի հատվածից։ Ընդամենը 100-150 տարի առաջ մեր պապերը էկել, ծվարել են էս շրջաններում։ Գոնե լոռեցին, տավուշցին պետք ա ձեն չհանեն, որովհետեւ, հայհոյելով ղարաբաղցուն, մեր պապերին ենք հայհոյում։
Էնքա՜ն էդպես մտածեցինք, որ ամբողջ կյանքում կորցրինք մեր մեծ հայրենիքի հողը, էկանք, մնացինք էս քարերի, ղռերի վրա։ Բայց փորձի՛ր մեկին ասես՝ չափարդ (ցանկապատ) հետ տուր, մի հինգ սանտիմետր հող տուր, իրար փոր կբացեն։ Էստեղացի, էնտեղացի․ սա՛ ա մեր տունը քանդել։ Դա հատուկ գործողություն է հատուկ ծառայությունների կողմից։ Քանի՜ թանկ ալավերդցիներ են 1990-ականներից իրենց կյանքը տվել Արցախի համար։ Որեւէ մեկը հանուն ոչնչի չի զոհվել, զոհվել են հանուն մեր ազգի, մեր պետականության, մեր հողակտորի։
Մնում է՝ որոշում լինի
Մենք հետ ենք բերելու մեր եղբայրների, էն թանկ տղերքի արյունով ազատագրածը։ Մնում է՝ որոշում լինի, որը, համոզված եմ, չի ուշանա։ Կռված ղարաբաղցին էսօր զենքը վայր չի դնելու։ Մենք էլ կազմ ու պատրաստ ենք։ Որեւէ մեկը թող չմտածի, թե ալավերդցին քնած ա։ Շարժման ժամանակ Երեւանից հետո ամենահզոր միտինգները Ալավերդիում էին։ Եվ ամենաշատ ջոկատներն էստեղ են ձեւավորվել, գնացել մարտադաշտ։ Մենք վաղուց ենք մոռացել՝ ով ա դաշնակցական, ով՝ երկրապահ եւ այլն։ Ընկեր ունեմ, որ էսօր իր կնոջը պարապել, պատրաստել է, կանգնած են ընտանիքով։ Որպես «Եղնիկներ» ջոկատի կազմում կռված մարդ ասում եմ՝ թուրքը չգիտի, թե իր գլխին ինչ ա գալու։ Հանկարծահաս էր էս ամենը, բայց շոկից դուրս են գալու թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։