ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը: Դրա մասին հայտարարել են Արցախի տեղեկատվական շտաբից։
Նշվում է, որ ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան։ Առաջնահերթորեն Հայաստան են տեղափոխվում ռազմական գործողությունների հետեւանքով տարհանված, անօթեւան մնացած եւ ծանր կացության մեջ հայտնված եւ Հայաստան տեղափոխվել ցանկացող քաղաքացիները»։
Շտաբից հայտնել են նաեւ, որ Արցախի իշխանությունները շարունակելու են մնալ տեղերում եւ պետական կառավարում իրականացնել այնքան ժամանակ, մինչեւ ամբողջությամբ չապահովեն ՀՀ ուղեւորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխման գործընթացը:
Նշվում է, որ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի եւ խցանումների պատճառով ներկայում հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխում, անհրաժեշտ բժշկական պարագաների եւ հումանիտար բեռների ներմուծում:
Մեծ խցանումների պատճառ են դառնում նաեւ բենզալցակայանների մերձակա տարածքներում կուտակված քաղաքացիները՝ կաթվածահար անելով քաղաքի երթեւեկն ու բնականոն կենսագործունեությունը: