Շիրակի մարզում մի խումբ ակտիվ երիտասարդներ Գյումրու թատերական հրապարակում թղթի թափոն են հավաքում: Չօգտագործվող թղթե իրերը, գրքերը, արկղերը եւ այլ առարկաներ հանձնելու են որպես մակուլատուրա, ստացված հասույթն էլ ամբողջությամբ փոխանցելու են ՈՄԱ-ի (ողջ մնալու արվեստ) պաշտպանական եւ ամրաշինական կառույցներ պատրաստելու նպատակով ստեղծված «Գմբեթ 2» ծրագրին։
Նախաձեռնության ակտիվ մասնակիցներից Դիանա Հովհաննիսյանը «Ալիք Մեդիային» տեղեկացրեց, որ բազմաթիվ երիտասարդներ են ներգրավվել ծրագրում: Գրքեր ու թղթի թափոններ են բերում անգամ մարզի հեռավոր գյուղերից: Նա նշեց, որ բավական է մի առարկայական՝ թեկուզ փոքր գաղափար տաս երիտասարդությանը եւ կտեսնես, թե ինչպես են համախմբվում:
Նախաձեռնության հեղինակները Գյումրու կենտրոնում կշարունակեն աշխատանքը առաջիկա մի քանի օրերին: