Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները զոհված եւ անհայտ համարվող զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մարմիններ են հայտնաբերել։
Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից սեպտեմբերի 21-ին հայտնաբերվել է քաղաքացիական 1 անձի մարմին։ Հաջորդ օրը Շուշիի շրջանի Ղայբալիշենի տարածքից հայտնաբերվել եւ տարհանվել է վնասվածք ստացած մեկ զինծառայողի, իսկ Չարեքտարից` զոհված 2 զինծառայողի մարմին։
Սեպտեմբերի 23-ին տարհանվել է 68 մարմին, որից 4-ը քաղաքացիական անձինք են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից, ընդ որում` 2 երեխա եւ տարեց ամուսիններ։ Նույն օրը Նախիջեւանիկ եւ Սարուշեն գյուղերի տարածքից հայտնաբերվել է 2 քաղաքացի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Սեպտեմբերի 24-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում տարհանվել է ընդհանուր 34 մարմին, իսկ Ասկերանի շրջանի Շոշ գյուղից քաղաքացիական 3 անձ է հայտնաբերվել։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։