Հայաստանի տնտեսությունը շարունակում է երկնիշ աճ գրանցել։ Ազգային վիճակագրական կոմիտեի` այսօր հրապարակած ընթացիկ-օպերատիվ տվյալների համաձայն՝ այս տարվա օգոստոսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսության ակտիվությունն աճել է 10,9 տոկոսով։
Ամենաշատը աճել է առեւտուրը՝ 23,5 տոկոսով։ Երկրորդ տեղում շինարարությունն է՝ 17,5 տոկոսով, եւ երրորդ տեղում՝ ծառայությունների ոլորտը՝ 13,8 տոկոսով։ Երկնիշ տնտեսական աճ է ունեցել նաեւ արտաքին առեւտուրը՝ 53 տոկոսով։ Այս դեպքում արտահանումն աճել է 51,8 տոկոսով, ներմուծումը՝ 53,8 տոկոսով։
Ի տարբերություն դրանց՝ տնտեսության հիմնական շարժիչ ուժ հանդիսացող արդյունաբերությունն օգոստոսին 3,7 տոկոսով նվազել է։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ հրապարակված տվյալներով՝ տնտեսական ակտիվության աճը 6 տոկոս է։
Ի դեպ, օգոստոսին անցած տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 0,1 տոկոս ընդհանուր գնանկում։