ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 24-ի ուղերձին: Մասնավորապես նշվում է, որ Փաշինյանն ուղերձում ներքին ու արտաքին քաղաքականության ձախողումների պատասխանատվությունն իր վրայից հանելու համար մեղքը փորձում է բարդել Մոսկվայի վրա:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը Փաշինյանի ղեկավարած Հայաստանի կառավարությանը մեղադրել է, որ վերջինիս անհեռատեսության պատճառով այդպես էլ չի հաջողվել կյանքի կոչել Հայաստանի անվտանգության ամրապնդման ոլորտում մի շարք պայմանավորվածություններ: Դրանց թվում նշվում է Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու մասին որոշումը ստորագրելուց հրաժարվելը, այն դեպքում, երբ այն ստորագրել էին վեց երկրների բոլոր արտգործնախարարները:
ՌԴ ԱԳՆ-ն շեշտել է նաեւ, որ Փաշինյանի կառավարությունը բաց է թողել թանկարժեք ժամանակը, որի ընթացքում կարելի էր էապես առաջ շարժվել խաղաղության պայմանագրի համաձայնեցման, սահմանազատման եւ տարածաշրջանային հաղորդակցման ապաշրջափակման առումով, ինչը Հայաստանի համար կդառնար անվտանգության ապահովման լրացուցիչ գործոն։