Շիրակի մարզում պատրաստվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին մարզում տեղավորելու, աջակցություն տրամադրելու եւ կացության առաջնային մի շարք հարցեր լուծելու համար:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այս առիթով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոլորտային պատասխանատուների հետ, որի ժամանակ անդրադարձել է խնդրին արագ արձագանքելու եւ արդյունավետ գործելու հարցերին: Մարզպետը կարեւորել է բոլոր համայնքների հետ համագործակցված աշխատանքը: Մարզը բաղկացած է վեց խոշորացված համայնքներից՝ Գյումրի, Ախուրյան, Ամասիա, Անի, Աշոցք, Արթիկ:
«Ընթանում են բռնի տեղահանված անձանց հաշվառման տվյալների ամփոփում, կարիքների գնահատման նույնականացման աշխատանքներ։ Անհրաժեշտությունից ելնելով՝ աշխատակազմի եւ համայնքապետարանների, պատասխանատու մի շարք այլ կառույցների աշխատակիցների մասնակցությամբ պետք է պատրաստ լինենք անելու հնարավորը մեր հայրենակիցներին պատշաճ ընդունելու եւ նրանց կացության հարցերը կարգավորելու համար»,- ասել է Մուշեղ Մուրադյանը։
Նշենք, որ բոլոր մարզերում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որում ներգրավված են ՏԿԵ նախարարության, մարզպետարանների եւ համայնքապետարանների աշխատակիցներ։
Աշխատանքային խմբերը ընդունելու են բռնի տեղահանվածներին եւ զբաղվելու են նրանց խնդիրներով՝ սկսած տեղաբաշխումից մինչեւ այլ կարիքների ապահովում։